Իշխանությունը երբեք ոչ մի երկրում չի պատկանել, չի պատկանում ու չի էլ պատկանելու ժողովրդին կամ ժողովրդի մեծամասնությանը: Իշխանությունը լավագույն դեպքում կարող է պատկանել տվյալ պետության քաղաքացիներին կամ քաղաքացիների մեծամասնությանը: Ժողովրդավարությունը հասարակական կյանքի կազմակերպման ոչ միայն անիրականանալի, այլ նաև վտանգավոր ձև է: Ժողովրդի մեծամասնությունը հույզերով, տրամադրություններով առաջնորդվող զանգված է: Ժողովուրդը պահի ազդեցությամբ կարող է փառաբանել, հերոսացնել կամ ստորացնել ու պախարակել միևնույն մարդուն: Ու հենց այդ հույզերն ուղղորդելով են բռնանում ժողովրդի կամքի վրա: Այլ է, երբ գործ ունենք քաղաքացու հետ: Քաղաքացին բանականությամբ, ռացիոնալությամբ առաջնորդվող ու ինքն իրեն պատկանող սուբյեկտ է: Մենք դեռ չունենք քաղաքացու այն տեսակը, որը կարող է ռացիոնալ ընտրություն կատարել: Իսկ քանի չունենք ինքն իրեն պատկանող քաղաքացուն, միամտություն է որևէ իշխանությունից սպասել, որ նա հաշվի կնստի քո կամ նույնն է թե՝ ժողովրդի կարծիքի հետ: Հարգանքը, ինքնավարությունը, կամքի իրականացումը վաստակում են: Այն երբեք ոչ մեկին սկուտեղի վրա չեն մատուցում: Պետք է կարողանալ լինել քաղաքացի ու ստիպել հարգել սեփական կամքդ ու հաշվի նստել քո գոյության իրավունքի հետ: Պետություն կառուցելու այլ ճանապարհ չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել