Հոգեբաններն առաջարկում են պատասխանել հետևյալ հարցին. «Պատկերացրու, որ քո ամբողջ կյանքը տեսաժապավենի վրա պահպանված է. համաձա՞յն ես այդ ամբողջը քո սիրելի մարդուն ցույց տալ»։
Հարցը կախված է նրանից, թե ինչ ենք մենք հասկանում՝ անկեղծություն ասելով։ Անիմաստ ստել և թաքցնել պետք չէ, քանի որ վաղ թե ուշ այդ փաստերը կարող են ջրի երես դուրս գալ։ Մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի իր մութ անկյունն ունենալ։ Յուրաքանչյուրն իրավունք ունի հոգու գաղտնիքներ ունենալ, որոնք նախատեսված են միայն իր համար։ Այդ գաղտնիքները կարելի է բացել բժշկի կամ հոգևորականի մոտ։
Կան մարդիկ, որոնք իրենց սիրելիին պատմում են ծայրից ծայր։ Եկեք հիշենք ամերիկյան հայտնի հեռուստասերիալը՝ «Սեքսը մեծ քաղաքում»։ Այս սերիալի հերոսուհի Քերրին ապացուցում էր իր ընկերուհիներին, որ մոտիկ մարդկանց մոտ չպետք է ոչ մի գաղտնիք լինի։ Սակայն որոշ ժամանակ հետո պարզվեց, որ այս անպատասխանատու արտահայտությունը լավ հետևանքներ չունեցավ։ Քերրին իր սիրելիին՝ Էյդանին, պատմեց, որ հանդիպել է իր նախկին ընկերոջը, և նրանց միջև բուռն ցանկություններ են առաջացել, և նա չի կարողացել իրեն զսպել։ Նա ասաց, որ շատ զղջում է կատարվածի համար, բայց Էյդանը չկարողացավ նրան ներել։ Հեռանալով ասաց. «Ավելի լավ կլիներ՝ չիմանայի...»։ Արդյունքում Քերրիի սխալ հայտարարության պատճառով նրանք բաժանվեցին։ Որոշ հոգեբաններ կարծում են, որ ամեն դեպքում պետք է ճշմարտությունն ասել։ Նրանք վստահ են, որ սուտը մի օր կբացահայտվի, այդ իսկ պատճառով խորհուրդ են տալիս ամեն ինչ պատմել և թույլ տալ, որ նա որոշում կայացնի։
Բայց ոմանք էլ այս կարծիքի հետ համաձայն չեն. նախքան սիրելիին պատմելը պետք է մտածել՝ ինչ վիճակի կհասցնի այդ լուրը։ Այն նրան կստիպի անպաշտպան և վա՞տ զգալ։
Գրեթե բոլորիս կյանքում էլ պատահում են մեզ համար տհաճ դեպքեր. ինչո՞ւ փորփրել անցյալը։
Ճիշտ է՝ կան ինքնակենսագրության այնպիսի մանրամասներ, որոնք պետք է բացահայտել։ Օրինակ՝ կինը չի կարող երեխա ունենալ կամ հանցագործ բարեկամ ունի և այլն։ Այդպիսի լուրջ բաները պետք է նախապես հայտնել։ Կան մարդիկ, ովքեր, այս ամենն իմանալով, չեն կարողանում համակերպվել և հետագայում ցանկանում են բաժանվել։
Այսպիսով՝ ինչպես կպատասխանես այս հարցին. «Սիրելիին ամբողջությամբ պատմե՞լ, թե՞ ոչ»։ Դրա համար ինքդ քեզ հարցրու՝ ավելի կարևոր է հպարտանալ քո անկեղծությա՞մբ, թե՞ պահպանել ընտանիքը։ Եթե քո համար կարևոր է երկրորդ կետը, ապա սիրելիին մի ծանրաբեռնիր քո խնդիրներով։
Սիրով լի, անկեղծ և ջերմ հարաբերությունները և սիրտը բացելու ցանկությունը լրիվ տարբեր բաներ են։ Հետևաբար նախքան որոշումներ ընդունելը երկա՛ր մտածիր։