Այն, ինչ տեղի ունեցավ ներքաղաքական զարգացումների ֆոնին, առաջին հայացքից թվում է նորմալ քաղաքական իրադրություն, երբ կան գործող անձինք, կա նպատակակետ և համապատասխան հանգուցալուծում: Սակայն համաձայնեք` երեկվա և այսօրվա Հայաստանում բացվեցին բացառապես տարբեր արշալույսներ:

Քաղաքական դաշտում արդեն մի քանի շաբաթ է, ինչ ընթանում են ընդգծված վերադասավորումներ, քաղաքական ուժերի նման իրավիճակը բնորոշ է նախընտրական շրջանններին. ՀՀ-ում այս գործընթացը, կարծես, մի փոքր վաղ է սկսվել, ավելին` կոնկրետ իրավիճակի հրամայականն էր այդպիսին:

Քաղաքական համակարգի հետադարձ կապի սխեման գործելու համար հարկավոր է ակնհայտ` իշխանություն-ընդդիմություն բևեռացումը` այդպիսին է դեմոկրատական համակարգերի պարտադիր պայմանները: Այնպես որ, հայրենի իշխանականները ձեռնամուխ են եղել նման կատարյալ քաղաքական համակարգ ստանալու քայլերի հաջորդաբար կատարմանը:
ԲՀԿ-ն` որպես քաղաքական կառույց, որն ուներ որոշակի վարչական և ֆինանսական ռեսուրսներ, մի քանի օրվա մեջ փոփոխվեց, տրանսֆորմացիայի ենթարկվեց` դառնալով սկզբից անորոշություն, իսկ արդեն նախօրեին` ընդդիմադիր կառույց:

Անդրադառնալով ԲՀԿ-ի անցած ուղուն` նշենք, որ, հիմնվելով որպես իշխանությունների շահերը սպասարկող կուսակցություն, ԲՀԿ-ն ուներ հստակ տեսլական` քաղաքական դաշտում լինել ՀՀԿ-ին «այլընտրանք»: 2006-2010 թվականներին այս համակարգն աշխատեց կատարյալ` դաշտում ստեղծելով հիմնականում երկու խոշոր խաղացողների` ի դեմս ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի:
ԲՀԿ իշխանական ծագումնաբանությունը հենց այնպես չէր, և պատահական չէր, որ Բարգավաճի շարքերը համալրեցին իշխանություններին սերտաճած գործարար-օլիգարխներ, որոք ուղղակի խնդիր ունեին` ձեռք բերել քաղաքական հովանավորչություն կամ այլ կերպ ասած՝ քաղաքական «տանիք»: ԲՀԿ-ը շարքերը համալրածների մի հատվածը, հիմնականում երիտասարդներ, հանձինս այդ ուժի, տեսնում էին քաղաքական կարիերա ստեղծելու իդեալական պլացդարմ, քանզի այլ կուսակցություններում բոլոր դերաբաշխումներն արված էին: Չմոռանանք, որ բհկ-ականներ դարձածների մի հատվածն էլ այլ կուսակցություններից «օբիժնիկ» անհատներ էին: 
ԲՀԿ հետագա գործողությունները, գոնե արտաքինից, դուրս էին նախատեսված ուղուց, ինչի արդյունքում դեպքերը զարգացան այլ պրիզմայով:

ԲՀԿ-ում կատարվեցին արմատական փոփոխություններ, և Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունից հետո, բնական է, որ վերոնշյալ` ինչ-ինչ պատճառներով ԲՀԿ-ին անդամակցած կուսակցականների սպասելիքներն ի չիք դարձան, ոմանք էլ ուղղակի ապրեցին խորը հիասթափություն: 
Կուսակցությունում ներկայումս ընթանում են նոր դերաբաշխումներ, և ստեղծված իրավիճակում ԲՀԿ շարքերն ընդգրկված գործարար-պատգամավորների մի մասը լքեցին այն: Իսկ կարիերիստների բանակի հիասթափությունը կայանում է նրանում, որ բացի իրենց ֆինանսական հոսքերից՝ վերացավ նաև շատ արագ ժամանակահատվածում իշխանական բուրգը նվաճելու մոլուցքը:

Այսպիսով ԲՀԿ-ի լեգենդն այլևս չկա. ստեղծված փուչիկը պայթեց:
Ցանկացած անհատ, ով զբաղվում է ու դեռ ապագայում պետք է զբաղվի քաղաքականությամբ, պետք է շատ խորն ուսումնասիրի քաղաքական գործընթացների պրակտիկան` հատկապես ՀՀ-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել