«ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը գրեթե միշտ աշխատանքային ակտիվ գործունեության մեջ է: Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումը  երկրում դիտարկում է առաջնահերթություն և կարևորում ոլորտի առաջանցիկ զարգացումը նաև տնտեսության մյուս ճյուղերի առաջխաղացման տեսանկյունից: Սակայն, որքան էլ խոսվում է  ոլորտում արձանագրված հաջողությունների մասին, այդուհանդերձ խնդիրներ դեռ շատ կան: Այս թեմայի շուրջ է մեր զրույցը  Ռալֆ Յիրիկյանի հետ:

Պարոն Յիրիկյան ՀՀ ում ՏՏ ոլորտը դիտարկվում է գերակայություն և որում առկա է զարգացման մեծ ներուժ: Ինչո՞վ է ըստ Ձեզ պայմանավորված ՏՀՏ ոլորտում մեր արձանագրած հաջողությունները:

Հասարակությունը ավելի շատ խոսում է ՏՏ ոլորտի մասին՝ անտեսելով տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների՝ ՏՀՏ-ի ոլորտը, որոնք փոխկապակցված են իրար: Ամեն ինչի հիմքում ընկած է հենց հետահաղորդակցությունը: Հայաստանում խոսվում է միայն ՏՏ ոլորտի մասին, որը թեև իսկապես հզոր ոլորտ է և տնտեսության առաջատար ճյուղերից: Այսօր ամենախոշոր հարկատուների ցանկում գտնվում են ընկերություններ հենց ՏՏ ոլորտից: 2005թ-ին, երբ մուտք գործեցինք հեռահաղորդակցության շուկա, ոլորտում ընդլայնվեց ծառայությունների տեսականին և ստեղծվեց մրցակցություն, թե նոր առաջարկների, թե փաթեթների, թե սակագների առումով: Կարող եմ վստահաբար ասել, որ մատուցվող ծառայությունների տեսականին, որակը և սակագնի համադրությունը նորագույն տեխնոլոգիաների ներդրման արդյունքում այսօր գերազանցում է նույնիսկ շատ զարգացած երկրներում գործող նույնատեսակ ծառայություններին, հենց միայն իր ծածկույթի որակով: Այն մեզանում արդեն վաղուց արձանագրված հաջողություն է:

2008թ.-ին ՀՀ կառավարությունը ընդունեց ՏՏ ոլորտի զարգացման նոր` տասնամյա ռազմավարություն, որը ներառում է ենթակառուցվածքի զագացման, ՏՏ շրջանավարտների որակավորման բարձրացման, սկսնակ ընկերությունների համար վենչուրային և ֆինանսավորման այլ մեխանիզմների ստեղծման և այլ գործընթացներ: Ի՞նչ կտա ՏՀՏ ոլորտին ընդունված քաղաքականությունը:

Վենչուրային հիմնադրամների առումով չեմ կարող հստակ որևէ բան ասել: Պետությունն իսկապես կարևորում է այս ոլորտը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով ՏՏ ոլորտի ընկերությունների համար: Նրանց դինամիկ զարգացմամբ է պայմանավորված ոլորտի առաջընթացը, որը որպես արժեղթա իր հետ կարող է զարգացնել նաև տնտեսության մյուս ճյուղերը: Այսօր շարժական կապի ընկերությունների միջև ստեղծված մրցակցությունը վկայում է այն մասին, որ երկրում չկան ստեղծված արհեստական խոչընդոտներ նրանց գործունեության զարգացման և առաջընթացի համար: Հեռահաղորդակցության ոլորտը երկրում ռազմավարական ճյուղերից է և պետությունը՝ քաջ գիտակցելով այդ գործոնը, ոլորտը ներառել է պետական քաղաքականության ռազմավարական ծրագրում: Մեր երկիրը պետք է առաջամարտիկ լինի նոր տեխնոլոգիաների կիրառման հարցում:

Ի՞նչ նվաճումներ ենք դեռ արձանագրելու առաջիկա տարիներին: ՏՀՏ ոլորտում կմշակվե՞ն արդյոք նոր ապրանքներ ու ծառայություններ, ինչքանո՞վ ոլորտը կդառնա առավել գրավիչ սպառողների համար:

Ինչ նոր տեխնոլոգիաներ ներմուծվեն աշխարհում, մենք դրանք առաջին կիրառողներից ենք լինելու: Մեր տեսլականում որպես թիրախ ամրագրել ենք մի դրույթ՝ Հայաստանը միջազգային քարտեզում դարձնել ճանաչելի հեռահաղորդակցության ոլորտում: Այսօր, մենք հասել ենք այդ թիրախին և Հայաստանը այդ ոլորտում հայտնի է, որպես ոլորտի առաջատարներից: Այդ ռազմավարությունը շարունակելու համար պետք է անընդհատ նոր տեխնոլոգիաներ ներդնել, ինչն էլ իր հերթին՝ ներմուծում է նոր ծառայություններ, նոր առաջարկներ: Սակայն այդ առաջընթացը չի ենթադրում, որ մենք պետք է դադարենք աշխատել որակի բարձրացման ուղղությամբ: Այն պետք է ապահովել շարունակական ներդրումների արդյունքում: Յուրաքանչյուր նորամուծություն կիրառելիս, անշուշտ, հաշվի ենք առնում միջազգային փորձը, մոնիտորինգ ենք անցկացնում, որից հետո միայն ներկայացնում ենք հայկական հեռահաղորդակցության շուկային համահունչ առաջարկներ:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել