Սիրելի հայրենակիցներ, 
Շնորհավորում եմ Թարգմանչաց տոնի առթիվ:
Մենք այն ժողովուրդն ենք, որի մշակութային ժառանգությունն ունի ոչ թե դարերի, այլ` հազարամյակների կենսագրություն: Այդ ժառանգությունը եղել է մեր գոյության հիմնաքարերից մեկը եւ մեր մտավոր ներուժի երբեք չարժեզրկվող վկայությունը: 
Հայ թարգմանչական արվեստի մնայուն գանձերը խոսուն այցեքարտեր են տարբեր ժամանակներում` Սուրբ Գրքի մաշտոցյան թարգմանությունից սկսած հարստացնելով քաղաքակիրթ աշխարհի գրական ժառանգությունը: Դեռ այդ ժամանակներից ենք մենք արժեւորել թարգմանչական արվեստի նշանակությունը եւ նոր շունչ տվել համաշխարհային արժեք հանդիսացող գրական գանձերին: 

Սիրելի հայրենակիցներ, 
Թարգմանչաց տոնը ժողովրդի հոգեւոր եւ մտավոր ներուժը արձանագրելու, գրի ու գրականության արժեքը գնահատելու տեսանկյունից բացառիկ է: Այն որպես առանձին տոն ներառելով պաշտոնական տոնացույցում` փաստում ենք եւ ժողովրդի, եւ իշխանության գնահատական-վերաբերմունքը խոսքի, լեզվի, մշակույթի հանդեպ:Մենք կարողացել ենք ստեղծել, գրել ու թարգմանել դեռ 5-րդ դարում, համոզված եմ, շարունակելու ենք նաեւ հետագայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել