Դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ Անդոն, վերջերս նկարահանվել է գեղարվեստական նոր ֆիլմում, որում մարմնավորել է գյուղից քաղաք եկած մի տղայի։ Ռեժիսոր Դավիթ Սիմոնյանի ֆիլմի պրեմիերան նախատեսվում է ապրիլին։

Դերասանի փոխանցմամբ՝ շատ հետաքրքիր արկածների մեջ են ընկնում։ «Հերոսս գյուղի «լոպազ» տղաներից է։ Գյուղացին միշտ երազում է գալ քաղաք, տեսնել, թե ինչ է կատարվում այստեղ։ Կերպարս գալիս է Երևան ու ընկնում անսպասելի արկածներ մեջ»,- BlogNews.am-ի հետ զրույցում նկատեց Անդոն։

Ըստ Անդոյի՝ կինոնկարը թեթև կոմեդիա է, որը կարելի է դասել նաև դրամայի ժանրին. «Գյուղացու և քաղաքացու հարաբերությունների մասին է։ Այսօր քաղքենի վերաբերմունք կա գյուղացիների նկատմամբ, մենք ցույց ենք տալիս, որ իրականում այդպես չէ»։

Անդոն պատմեց, որ ֆիլմում նույնիսկ վիրահատությունների են գնում և փոխում դեմքերը։ «Մոտավորապես «Без лица» ֆիլմի նման է, սակայն հայաֆիկացված տարբերակով»,-ասաց նա ու հավելեց, որ ինքն ու դերասան Արտաշես Մխիթարյանը խաղալու են միմյանց փոխարեն։

Անդրադառնալով կառուցվածքների տարբերությանը՝ դերասանը նշեց, որ  ավելի մեծ ուշադրություն են դարձրել հասակին։ Անդոյի խոսքով՝ այս կերպարը մարմնավորելը հեշտ չէ, քանի որ ինքն ու Արտաշեսը պետք է ընդօրինակեին միմյանց շարժուձևը, քայլվածքը, խոսելաձևը։ «Քաղաքում մեծացած, բանկում աշխատող տղան հայտնվում է գյուղացու փոխարեն և հակառակը։ Դա և՛ հետաքրքիր է, և՛ բարդ»,-ասաց նա։

Դերասանը նշեց նաև, որ սա երգիչ Արսեն Սաֆարյանի դեբյուտային ֆիլմն է։ Վերջինիս տեսարանները թեպետ շատ չեն, սակայն նա ներկայանում է առանցքային կերպարով, քանի որ սյուժեն նա և՛ տանում է, և՛ ընթացքը փոփոխում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել