9346_largeՌեհան Մանուկի Մանուկյանի վկայությունը 1910 թ., Տարոն, Ուրացն գյուղ

Ես ծնվել եմ Տարոնում: Մեսրոպ Մաշտոցն էլ Տարոնից էր: Մեր գյուղում եկեղեցի կար, և վանք կար` Ս. Աստվածածին անունով: Շատերը ուխտի էին գալիս Տարոն: Խութը մեր Տարոնին շատ մոտ էր: Հորս մերը խութեցի էր: 1915 թ. ապրիլի 24-ին, դեռ արևը չծագած, վեր էինք կացել, հայրս հանդ պիտի գնար, մայրս էլ հաց պիտի թխեր: Ես ունեի մի փոքր եղբայր: Մեկ էլ տեսանք, որ թուրք ասկյարները եկան` հրացանները ուսներին գցած, եկան, խուժեցին մեր տունը, ասացին. «Արդեն կռիվ է, մեր սուլթանը հրամայել է, որ հայերին պիտի քշենք»: Տասնհինգ-քսան րոպե չանցած` մեզ տնից դուրս հանեցին: Մեր չորս կողմերը ասկյարներ էին, որոնք բղավում էին. «Շու՜տ արեք, շու՜տ արեք»: Էսպես մեզ գյուղից դուրս հանեցին: Տեսանք` մեր մոտիկ Խումբ գյուղի հայերին էլ են տեղահանել: Վանքի էս կողմից մենք էինք բարձրանում, վանքի մյուս կողմից էլ խմբեցիք էին բարձրանում: Մեզ բերին հասցրին Խութ: Արդեն ասի` իմ հոր մայրը խութեցի էր, էնտեղ էր ապրում: Խութի մեջ ապրողների կեսը հայ էր, կեսը` եզդի: Առաջ մեզ էին տեղահանել, հետո Խութի հայերին էլ տեղահանեցին: Խառնվանք իրար: Ասկյարները մեզ քշեցին ոչխարների հոտի պես: Մեզնից հետո սկսել էին մեր տները թալանել: Էսպես քայլելով, սոված, ծարավ, հոգնած, ուժասպառ հասանք Վան` Արտամետ: Էնտեղ մի քիչ հանգստացանք: Էնտեղ իմ տատն ու ախպերս մեռան: Հերս տարավ իր ձեռքովը թաղեց: Վանից դուրս եկանք: Գիշերով էինք գնում, որ ապահով լինենք: Արդեն մութ էր: Մենք քայլում էինք, հասանք թուրքերի բինաներին, դրանց շները սկսեցին հաչալ: Թուրքերը եկան մեզ պաշարեցին, տղամարդկանց սկսեցին խուզարկել, զենքերը հավաքեցին, նրանց մի կողմ տարան` սպանեցին: Կանանց ու երեխաներին բերին իրենց մոտ, վրանների տակ: Բայց նրանք լսել էին, որ ռուսական զորքը գալիս է, եկան, մերոնց ասին. –Ով կուզի` տանենք ձեզ, տանք ռսին:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել