«Արմենիա» հեռուստաընկերությունն այժմ աշխատում է նոր շոու ծրագրի վրա. հումորային, սուր, անսպասելի հարցերով շոուի նախատիպը միջազգային շուկայում կա, իսկ Հայաստանում, ըստ հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանի՝ ոչ:

Blognews.am-ի հետ զրույցում Դավիթն ասաց, որ փորձելու են հավատարիմ մնալ արտերկրում փորձված տարբերակին, քանի որ այն լավ է ստացվել և ընդունվել է, սակայն հաշվի են առել նաև տեղական առանձնահատկությունները: «Շոուի իմաստն այն է, որ հետաքրքիր հարցերի միջոցով հյուրը հայտնվի մի իրավիճակում, որտեղ նրա ցանկացած պատասխանը լինելու է հետաքրքիր, զավեշտալի: Անպայման չէ սուր հարց տալ, կարևորը սուր իրավիճակ ստեղծելն է, որից դուրս գալու համար նա ստիպված կլինի անսովոր շարժումներ անել, անսպասելի պատասխաններ հնչեցնել»,- ասաց նա և հավելեց, որ հյուրերը պետք է լինեն կարևոր, հանրությանը հետաքրքիր, եթերում անընդհատ չերևացող մարդիկ: Դավթի խոսքով՝ նրանց թվում կարող են լինել քաղաքական գործիչներ, արտերկրացի աստղեր:

Ծրագիրը դեռ մշակման փուլում է, ամենայն հավանականությամբ, բուն աշխատանքները կսկսվեն ապրիլի սկզբին: Փորձված և վաղուց եթեր հեռարձակվող շոուներից ընդօրինակելն «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրենը նորմալ է համարում:

Շոուի հաղորդավարի գլխավոր թեկնածուն դերասան Լևոն Հարությունյանն է, սակայն նրա առաջ պայման է դրվել. Լևոնը պետք է նիհարի մոտ 15 կգ: «Եթե նա նիհարի և հասնի այն կառուցվածքին, որով պետք է օժտված լինի հեռուստահաղորդավարը, մենք կշարունակենք աշխատել իր հետ, եթե ոչ՝ ոչ: Մեր պայմանը շատ լուրջ է, թեև ժպտալով ենք ասում»,- նկատեց Դավիթը, ում համար առաջին մեկ ամսվա արդյունքները դեռ տպավորիչ չեն:

«Նրա մասնակցությունը վտանգված է: Եթե այսպես շարունակվի, գուցե արդեն մտածենք այլ թեկնածուի մասին, սակայն մենք ցանկանում ենք, որ շոուն վարի հենց Լևոնը. նա ոչ երիտասարդ է, ոչ ծեր, աշխույժ, հումորի զգացումով, առանց կոմպլեքսների հայտնի մարդ է, ով պատրաստ է առաջարկել ցանկացած փորձություն և ինքն էլ ընկնել դրա մեջ»,-ասաց Դավիթը՝ հավելելով, որ Հայաստանում այդ չափանիշներին համապատասխան այդ տարիքի մարդիկ շատ չեն:

Հարցին՝ հնարավո՞ր է զիջումների գնան՝ հաշվի առնելով այդ հանգամանքը, «Արմենիայի» գլխավոր տնօրենն ասաց, որ չի կարող ասել, թե ինչ որոշում կընդունեն, սակայն շատ կարևոր է, որ հաղորդավարն էսթետիկ տեսք ունենա եթերում:

Դերասան, հաղորդավար Լևոն Հարությունյանն էլ նշեց, որ նման պայման դնելը նորմալ է: «Իմ պատճառով մեծ հաջողություններ դեռ չկան. ժամանակի բերումով չեմ կարողանում նորմալ հետևել այդ ամենին»,-հայտնեց դերասանն, ով ընտրել է սննդակարգի, ոչ թե մարզասրահի տարբերակը, քանի որ երկրի վիճակը վատ է, համապատասխան միջոցներ չկան:

Լևոնի խոսքով՝ իրեն և՛ հետաքրքրում է այս նախագիծը, և՛ մի փոքր վախեցնում: «Մտավախություն ունեմ, որ գուցե իմ տեղում չլինեմ: Ինձ մի փոքր վախեցնում է շատ կարդացած չլինելս: Ես կրթված եմ, սակայն այս դեպքում ունենալու եմ շատ տարբեր հյուրեր, որոնք այդ առումով կարող է բարձր լինեն,- նկատեց հաղորդավարն ու հավելեց,- ինձնից ուրիշ տեսակ են պահանջում, այն բավականին հեռու է իմ տեսակից, սակայն հաճելի և հետաքրքիր է»: Լևոնի փոխանցմամբ՝ մտածում է նաև հնարավոր ձախողման մասին, սակայն չի վախենում դրանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել