Տնից աշխատանքի գնալու ոտքի ճանապարհս անցնում է Հայփոստի գրասենյակի կողքով, և յուրաքանչյուր ամսվա սկզբին ես տեսնում եմ դեպի գրասենյակ՝ թոշակներ ստանալու գնացող ու մի կերպ քայլող տատիկների ու պապիկների: Այսօր ևս այդ օրն էր, ու այդ պահին հիշեցի ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, որն արդեն 97 տարեկան է, ունի 4,2 մլրդ դոլարի կարողություն, ինչը 2013-ի համեմատությամբ աճել է 900 մլն դոլարով: Հետո նորից նայեցի մեր ծերերին, ու տխրությունս գոնե մի փոքր փարատվեց՝ հիմա համեմատաբար նորմալ է՝ մարդիկ պարբերաբար ամսվա սկզբի նույն օրերին ստանում են իրենց հասանելիքը՝ որքան էլ այն անհամեմատելի լինի Քըրքի եկամուտների հետ. այնպես չէ, որ մի քանի օր ավելի սպասեն, ինչպես դա տեղի էր ունենում մի քանի տարի առաջ: Ինչևէ, ասելիքս Քըրքի և հայաստանյան ծերունու կամ տատիկի «եկամուտների» համեմատությունը չէ, ասելիքս այլ է. Հայաստանում այսօր առկա է մոտ 463.331 թոշակառու, միջին կենսաթոշակն էլ՝ 38.000 դրամ կամ մոտ 80 ԱՄՆ դոլար: Եթե ազգովի խնդրենք պրն Քըրքին, որպեսզի նա մինչև իր մահը տարեկան 20 մլն դոլար հատկացնի մեր հայրերի ու մայրերի (տատիկների ու պապիկների) կենսաթոշակ ապահովող հիմնադրամին՝ յուրաքանյուրին 200 դոլարի չափով, ապա կարծում եմ, որ դա մեծ կորուստ չէր կարող լինել վերջինիս համար: Հասկանում եմ, որ ասածս իրատեսական չի հնչում, բայց գուցե արժե փորձել, հը՞...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել