e271b718-c83c-454b-aa93-29f564e92794Քաղաքական դաշտը բիզնեսից «մաքրելու» գործընթացը չպետք է սահմանափակվի միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունով, գործընթացը պետք է շարունակական լինի և վերաբերի հավասարապես բոլոր քաղաքական դերակատարներին: Այսպիսի կարծիք հայտնեցին խորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները «Ա1+»-ի առցանց հեռարձակմամբ «Մեդիա կենտրոնի» կազմակերպած բանավեճի ժամանակ: Նրանց հետ չհամաձայնեց բանավեճի մասնակից «Հայ ազգային կոնգրես» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը «սանիտարական զտումներ» է իրականացնում քաղաքական դաշտում: «Իսկ ո՞վ է նրան նման իրավունք տվել: ԲՀԿ-ի նկատմամբ իրականացվածը ավտորիտար գործելաոճ է», – հայտարարեց Մանուկյանը:

Փետրվարի 27-ին «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում. զարգացումներ և գնահատականներ» թեմայով բանավեճին մասնակցում էին Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը և քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

Փետրվարի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով մեկնարկած Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարին հեռացնելու գործընթացը, թեև իր էությամբ շատերի համար սպասելի էր, սակայն իրականացման ձևի և ժամկետի առումով կարելի է ասել շոկային էր: Ընդամենը չորս օրվա ընթացքում, խորհրդարանում ներկայացված երկրորդ քաղաքական ուժի առաջնորդին ստիպելով հետ կանգնել քաղաքական քայլերից, Սերժ Սարգսյանը լիովին նոր իրավիճակ ստեղծեց քաղաքական դաշտում: Այս ամենի արդյունքում կազմաքանդվեց ընդդիմադիր «եռյակը», որի առաջնորդները փետրվարի 18-ից հետո հանդես են գալիս այլևս անհատական քաղաքական քայլերով: Կատարվածի պատճառներից մեկը, ըստ Արծվիկ Մինասյանի` իշխող Հանրապետական կուսակցության և ԲՀԿ-ի միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումն էր:

«Մինչև նախագահի ելույթը «Բարգավաճ Հայաստանի» կազմակերպած համաժողովին հնչել էին (իշխանության հասցեին) գնահատականներ: Կարծում եմ` դրդապատճառներից մեկը նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումն էր»,–հայտարարեց Մինասյանը` միևնույն ժամանակ պարզաբանելով, որ խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների դեմ ԲՀԿ կոշտ կեցվածքին:

Այնուամենայնիվ, պատգամավորի կարծիքով կարևորն այն է, որ կոնֆլիկտը խաղաղ հանգուցալուծում ստացավ, սակայն այս ամենից, ըստ Մինասյանի, պետք է հետևություններ անել: «Հետևությունն այն է, որ խնդիրները մնացել են, թեև առճակատում տեղի չունեցավ: Հարկավոր է, որ խնդիրները լուծվեն: Դրա համար այն ստանդարտը (խոսքը բիզնեսը քաղաքականությունից զատելու մասին է), որ նախագահը հրապարակեց փետրվարի 12-ին, պետք է վերաբերի բոլորին, ոչ թե կոնկրետ անձի կամ ուժի»,- նշեց նա:

Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանի կարծիքով որևէ քաղաքական հստակ պայմանավորվածություն ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև չի եղել: «Եթե կարելի է պայմանավորվածություն համարել այն մտքերը, որոնք հնչում են քաղաքական դաշտում` չշիկացնել քաղաքական իրավիճակը այն պայմաններում, երբ սահմանին լարվածությունը աճել է, և մենք նախապատրաստվում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ուրեմն դա է: Այլ քաղաքական պայմանավորվածություն որևէ ուժի հետ մենք չենք ունեցել»,– հայտարարեց Մելիքյանը` նշելով, որ նախագահի հայտնի ելույթից հետո ընդդիմադիր դաշտն ուղղակի փլուզվեց: «Հիմա այնտեղ քաոսային իրավիճակ է, առկա է դիրքային պայքար: Կարծում եմ` պետք է ձեռնպահ մնալ այդ պայքարից, չխանգարել և հնարավորություն տալ ընդդիմադիր դաշտին գտնել իր գործողությունների ճանապարհը և կատարել համապատասխան քայլեր:

Առաջիկայում սպասվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Սպասենք, տեսնենք ինչ որոշումներ կկայացվեն համագումարին և հետո հանդես գանք մեկնաբանություններով»,–ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղարը` հավելելով, որ նախագահի ելույթում հնչած մտքերը տեղին էին և ժամանակին: Քաղաքական առումով, ըստ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի, կատարվածը զարմանալի չէ, քանի որ հենց ինքը` ԲՀԿ-ն, իշխանության մեջ հասունացած պայմանավորվածությունների ծնունդ է: «Իշխանությունը ժամանակին բաշխել է իր ռեսուրսները երկու զամբյուղի մեջ և մասնակցել ընտրություններին երկու գլխով: Սա է եղել խաղի կանոնը, որը հետխորհրդային տարածությունում ընդունված գործելաոճ է: Կան գոնգոներ, կամ կառավարության կողմից վերահսկվող ՀԿ-ներ:

Հիմա ստեղծվել է կուսակցություն-գոնգո: Դրվել են պայմաններ, որոնց խախտելու պարագայում պատիժ է հասնում` մեր բարքերին հարիր: Այս կոնտեքստում անհաշտ ընդդիմադիր և գործող օլիգարխ, որը վերահսկում է տնտեսության մի զգալի մասը, անհնար է մեր տիպի երկրներում: Այն պահից, երբ նման գործիչը փորձում է անցնել սահմանը, հետևում է հակազդեցություն: Կարևոր է, որ այս ինքնազտման գործընթացը լինի համատարած և առաջին հերթին վերաբերի Հանրապետական կուսակցությանը, որի կազմում ևս կան օլիգարխներ»,–նշեց նա:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել