Արմանը մեկ շաբաթ ապրելով մանկատանը` գիշերներն աչքերը բաց է լուսացրել: Իր ու մոր տարածության մեջտեղում հայտնված տագնապը թափառում էր իր ու մոր արանքում: Վախից մեկ-մեկ կյանքից առաջ էր ընկնում, ու մարմնի սարսուռով զգում էր մենակության մեջ հայտնված մոր վերջին շունչը: Մանկատան պատերի մեջ հայտնված Արմանը շնչահեղձ էր լինում, երբ հանկարծ կյանքից առաջ էր ընկնում ու մորը կորցնելու վախի մղձավանջներից չէր կարողանում ազատվել: Մայրը` Մարինեն, որդուն մանկատուն ճանապարհելուց հետո, ինքն իրեն չներելու բարդույթից, ողբում էր:Ուզում էր 12 տարեկան որդուն պաշտպանել իր մահից: Ինքը մահվան հետ ձեռքսեղմումը վաղուց կատարել է, բայց Արմանը դեռ երեխա է` մոր ու մահվան առճակատմանը ներկա գտնվելու համար: Մարինեն չորս տարի առաջ` 27 տարեկան որդուն կորցնելիս, մահվան հետ հանդիպել է, ու հիմա պատրաստ է նրան անձամբ դիմավորելուն: Փոքր որդուն խնայելով` երկու ամիս առաջ նրան ազատազրկեց «մանկատանը«, որ, երբ մահն իր դուռը թակի` ինքը հնազանդորեն գնա: Հակառակ դեպքում` կռվելու է Արմանին միայնակ չթողնելու համար, ու այդ կռվի ականատեսը լինելու է իր փոքրիկ տղան: Մեկ շաբաթ չանցած Արմանը վերադարձավ մոր մոտ, քանի որ ուզում էր մոր ներկայությունը մի քիչ էլ զգալ, իսկ Մարինեն կարոտից ավելի էր մաշվում ու ուզում էր որդու ներկայությունը մի քիչ էլ զգալ: Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ֆանարջյան փողոցում, գերեզմանատան կից տարածքում Մարինեի փայտե տնակն է, որի պայմանները նկարագրելու ենթակա չեն:: Մահճակալին գամված Մարինեն ամեն օր զգում է իրենից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող գերեզմանատան ծանր լռությունը: Մեկ-մեկ, երբ ի վիճակի է լինում քայլել` տնակից դուրս է գալիս, բայց, երբ գերեզմանատան հոտը դիպչում է քթին` իսկույն փախչում է դեպի մահճակալ: Տարածքն ուրիշի սեփականությունն է, ով ամայի այդ հողատարածքում իր շների բներն է կառուցել: Մարինեին որդու հետ թույլ է տվել տնակում ապրել. մայր ու տղա շների խնամքով են զբաղվում` հանգրվան ունենալու դիմաց: «Ամեն օր գնում, շների կերը բերում, բաժանում եմ ամեն մեկի չափով ու կերակրում եմ մի քանի անգամ: Իրանց տակն եմ մաքրում, սիրում եմ, որ խելոք մնան: Մի խոսքով` ամեն ինչ անում եմ, որ շները լավ ապրեն: Եթե իրանց հետ մի բան պատահի` շների տերը մեզ դուրս կշպրտի, փողոցում կմնանք: Հիվանդ մամայիս ո՞նց պիտի դրսում պահեմ: Ես շատ ուշադիր եմ շների հանդեպ, որովհետև մեր կյանքն իրանցից ա կախված»,- ասում է Արմանը, ով չի սպասում հարցերիս և մանրամասն նկարագրում է իրենց կենցաղը: : Արմանը հարցերիս չի էլ պատասխանում, այլ փորձում է ինձ հուզող հարցերի բոլոր պատասխանները միանգամից ներկայացնել` ընդհատելով ինձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել