Հարգելի՛ Վահան Խաչատրյան
2015թ. մարտի 3-ին Bravo.am կայքը հրապարակել է «Վահան Խաչատրյան VS Դիանա Շատվերյան. փոխադարձ մեղադրանքներ» վերնագրով հոդվածը: Հարցազրույցներ տալով` փորձում եք հանրության ուշադրության կենտրոնում մնալ` տարածելով անհիմն տեղեկություններ:
Ինչպես արդեն բազմիցս նշվել է քննարկվող զգեստի պատվիրատուի կողմից, ստորև լուսանկարում արտացոլված զգեստի նմանատիպ, նմանօրինակ զգեստ պատվիրելու և այն «Շատվերյան» նորաձևության տան դերձակների կողմից իրականացնելու մտահղացումը, նախաձեռնությունը և ցանկությունը բացառապես պատկանում է պատվիրատուին` Սուսաննա Սանթրոսյանին: Նա է որոշել զգեստի կտորի գույնը, ձևը: Զգեստի իրականացման հիմք ծառայել է ստորև ներկայացված լուսանկարը, որը նույնպես տրամադրվել է պատվիրատուի կողմից:
ԱՅՍԻՆՔՆ` Ձեր «հեղինակած» և պատվիրատուի նախասիրությամբ, մտահղացմամբ և նախաձեռնությամբ «Շատվերյան» նորաձևության տան դերձակների կողմից իրականացված զգեստների նմանությունն առաջացել է նրանից, որ Ձեր և պատվիրատուի ոգեշնչման աղբյուրը նույնն է եղել:
Այնուամենայնիվ, եթե աշխատանքային ծանրաբեռնվածությունս թույլ տար, և ժամանակ ունենայի ուսումնասիրել Ձեր կայքերը և տեղեկություն ունենայի, որ նմանօրինակ զգեստ արտադրվել է նաև Ձեր ատելիեի կողմից (ինչը պարտավոր չեմ անել), բնականաբար, ելնելով գործընկերության չգրված կանոններից, չէի հրապարակի քննարկվող զգեստի լուսանկարը: Ձեր ատելիեի կողմից նմանօրինակ զգեստ իրականացված լինելու հանգամանքի մասին առաջին անգամ տեղեկացել եմ լրատվական կայքերից, որոնք տեղադրել էին Ձեր անհիմն հրապարակումները: Մենք վաղեմի ծանոթներ ենք և հանրային քննարկում ծավալելու փոխարեն կարող էիք զանգահարել ինձ և հայտնել Ձեզ անհանգստացնող հանգամանքները, և զգեստի լուսանկարը կանհետանար իմ կայքից: Ակնհայտ է, որ Ձեր ատելիեի և իմ նորաձևության տան դերձակների կողմից արտադրված զգեստի հեղինակը Դուք չեք հանդիսանում, և այդ հարցի շուրջ Ձեր ծավալած վեճը բովանդազուրկ է:
Հարգանքով`

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել