Շատերին է հետաքրքրում՝ ի՞նչ են անում մեր շատ հայրենակիցներն արտերկրում, որի արդյունքում տարիներ անց նրանք դառնում են հաջողակ ու հարուստ։ Եթե մի կողմ դնենք բացառությունները, ապա գրեթե բոլորն էլ իրենց հարստությունը սկսել են դիզել փոքր բիզնեսում, որը հիմնել են այս կամ այն երկրում։ Ձեզ ենք ներկայացնում փոքր բիզնեսի համար ամենահարմար ու նպաստավոր 10 երկրները, որտեղ բիզնես հիմնելը երբեմն հեշտ է, իսկ երբեմն դժվար, բայց եթե դա հաջողվում է, ապա փոքր բիզնեսը դառնում է եկամտաբեր ու կայուն։
Եվ այսպես, դիտարկենք 10 երկրներ ու պայմանները, որոնք պետք են, ասենք, ինչ-որ խանութ, սրճարան կամ էլ հագուստի փոքր արտադրամաս բացելու համար։
10. ԱՄՆ
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ում փոքր ձեռնարկատերերի 75 տոկոսը բիզնեսը սկսում է 75000 դոլարից քիչ կապիտալով, իսկ 50 տոկոսը՝ 20000-ից էլ քիչ կապիտալով։ Կախված նրանից, թե որ նահանգում եք ուզում բացել Ձեր բիզնեսն ու ինչ բիզնես եք ուզում բացել, նույնիսկ ավելի քիչ գումարով կարող եք եկամտաբեր փոքր բիզնես սկսել։ Օրինակ՝ ֆասթֆուդի կետ բացելու/ֆրանչայզինգ անելու համար միանգամայն ռեալ է 100.000 դոլարի ներդրումը, եթե Դուք ուզում եք, որ այդ տարածքը լինի Ձեր մասնավոր սեփականությունը, իսկ եթե 100.000 դոլար չունեք, էլի հոգ չէ, որովհետև կարող եք 1000-5000 դոլարի սահմաններում մինի մանկապարտեզ բացել՝ մի քանի երեխաներով, ու դա Ձեզ կապահովի նորմալ միջին եկամուտ։
9. Ռուսաստան
Ռուսաստանում այս ցուցանիշը հաշվելը շատ ավելի բարդ է, որովհետև այնտեղ ստորգետնյա խութերը Ձեր նոր բիզնեսի համար շատ ավելի շատ են, քան, ասենք, նույն ԱՄՆ-ում։ Ծախսերը հստակ հաշվարկելը խանգարում են հատկապես համակարգի ավելորդ բյուրոկրատացվածությունն ու կոռումպոգենությունը, սակայն մոտավոր պատկերացում կազմել կարելի է։ Եթե Մոսկվայում վարձակալեք տարածք, որը վերանորոգեք, գնեք անհրաժեշտ սարքավորումները, հաշվի առնեք աշխատավարձերը և օրինական այլ ծախսերը, ապա կարող եք գեղեցկության սրահ բացել մոտ 25000 դոլարով (առաջին մեկ տարվա համար սա ներդրման նվազագույն չափն է), իսկ 30000 դոլարով կարող եք բացել խմորեղենի արտադրամաս ու դրան կից հացաբուլկեղենի խանութ։ Հասկանալի է, որ Մոսկվայից դուրս կարելի է ավելի քիչ ներդրումով էլ փոքր բիզնես հիմնել, ու որքան ավելի փոքր ու հեռու լինի բնակավայրը, այնքան ավելի քիչ կլինի ներդրման նվազագույն անհրաժեշտ չափը, սակայն նաև եկամտաբերությունն է նվազում՝ բիզնեսի տարածքի հեռավորությանն ու փոքրությանն ուղիղ համեմատական։
8. Իսպանիա
Իսպանիայում, եթե խոսքը չի գնում զբոսաշրջիկների կողմից սիրված հանգստյան գոտիների մասին, կարելի է բավականին համեստ ներդրումով փոքր բիզնեսներ հիմնել, որի թիրախային սպառողը տեղաբնակները կլինեն։ Երկրի ներքին շրջաններում ու հատկապես ոչ շատ մեծ քաղաքներում կարելի է խանութ բացել 15000 դոլարով, իսկ սրճարան՝ 30000-ով։
7. Գերմանիա
Գերմանիայում, ինչպես և Իսպանիայում, փոքր բիզնես հիմնելը բավականին մատչելի է։ Եթե կրկին քննարկենք խանութի ու սրճարանի տարբերակները, ապա Գերմանիայում նման բիզնես սկսելու համար Ձեզանից կպահանջվի համապատասխանաբար 20.000 և 30.000 դոլար։ Ընդ որում, ինչպես և ԵՄ այլ երկրերում, սա Ձեզ ձեռնտու է միայն այն պարագայում, եթե չունեք պարբերաբար վիզա ստանալու խնդիր ու/կամ էլ հանդիսանում եք ԵՄ անդամ պետության քաղաքացի, ինչպես նաև եթե ունեք մշտական բնակության փաստաթուղթ։ Սակայն եթե, այնուամենայնիվ, ունեք խնդիր ու չեք կարող մշտապես գտնվել Գերմանիայում ու ԵՄ անդամ այլ երկրում, ապա Դուք պետք է առնվազն 250.000 դոլարի ներդրում անեք, որպեսզի կարողանաք ազատ ելումուտ անել ԵՄ տարածք։
6. Ֆրանսիա
Չնայած տարածված կարծրատիպին՝ Ֆրանսիան, լինելով ամենաայցելվող տուրիստական երկրներից մեկն աշխարհում, չի հանդիսանում ամենաթանկարժեքը՝ փոքր բիզնես հիմնելու տեսակետից։ Կարելի է ասել, որ այն միջին գներ է առաջարկում՝ հաշվի առնելով թե՛ գերհզոր ու գերգնողունակ ներքին շուկան, թե՛ բազմամիլիոնանոց զբոսաշրջիկների բանակները։ Այնպես որ, եթե Դուք ունեք 60-90000 դոլար բիզնես սկսելու համար, ապա Դուք կարող եք նույնիսկ Փարիզում փոքրիկ խանութ բացել կամ էլ մի քանի սեղանիկ ունեցող սրճարան։ Ի դեպ, կոնկրետ Փարիզում նույն գնային սահմաններում կարող եք նաև զբաղվել ավտովերանորոգման, ավտոլվացման ու սպասարկման ոլորտի հետ կապված այլ բիզնեսներով։
5. Լեհաստան
Վերջին տարիների ընթացքում անցկացված մի շարք բարեփոխումների արդյունքում Լեհաստանը դարձել է փոքր բիզնես հիմնելու համար ամենանպաստավոր երկրներից մեկը Եվրոպայում։ Շնորհիվ ադեկվատ հարկային քաղաքականության, ցածր գների ու ոչ թանկարժեք աշխատուժի՝ այս երկրում Դուք նույնիսկ 10.000 դոլարով կարող եք բիզնես սկսել։ Օրինակ՝ կարի արտադրամաս կամ էլ այլ փոքր մանուֆակտուրա հիմնելը միանգամայն ռեալ է ցածր գումարի դիմաց: Այսքանով հանդերձ՝ Լեհաստանում նկատվում է աշխատուժի վարձավճարի աճի կայուն դինամիկա, ու արդեն մի քանի տարի հետո փոքր բիզնես հիմնելն արևելաեվրոպական այս երկրում ավելի թանկ հաճույք կլինի։
4. Նորվեգիա
Եվրոպայի ու աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մեկը հանդիսացող Նորվեգիան ևս բավականին նպաստավոր պայմաններ է առաջարկում փոքր բիզնես հիմնողների համար։ Կախված նրանից, թե կոնկրետ ինչ ոլորտում կլինի Ձեր բիզնեսը՝ Դուք պետք է ներդնեք 20000 դոլար հիմնադիր կապիտալի տեսքով ու հաշվի առնեք, որ Ձեր մնացած ընթացիկ ծախսերի մեջ են մտնելու Ձեր աշխատակիցների ապահովագրման վճարները, ինչպես նաև կենսաթոշակային ֆոնդի վճարումները։ Արդյունքում, հաշվի առնելով աշխատանքի վարձատրման նորվեգական ստանդարտները, գոնե առաջին տարվա կտրվածքով պետք է պատրաստ լինեք ներդնել նվազագույնը 30000 դոլար բիզնեսի մեջ, իսկ բիզնեսն ավելի խոստումնալից կլինի ծառայությունների ոլորտում՝ խանութներ, փոքրիկ ռեստորան, սննդի արտադրություն և այլն։
3. Ավստրալիա
Ավստրալիան, լինելով հսկայական տարածք ունեցող պետություն, ունի տարածքին ոչ համարժեք փոքրաթիվ բնակչություն ու մշտապես խրախուսում է ներգաղթը, բայց այնպես, որ երկիր ժամանեն առավելապես այնպիսի էլեմենտներ, ովքեր ոչ թե կախվածության մեջ կընկնեն պետբյուջեից, այլ ավելի կծաղկեցնեն երկրի տնտեսությունը։ Հատկապես նպաստավոր է բիզնես հիմնել սննդի արդյունաբերության ու ավտոտեխսպասարկման ոլորտում։ Ավստրալիայում գործող օրենսդրությունը սահմանում է, որ օտարերկրացիները պարտավոր են 67.000 դոլարի ներդրում անել առնվազն, եթե իրենց ընկերությունը մասնագիտանալու է արտահանման վրա, ու 134.000 դոլար, եթե ընկերության հիմնական սպառողն Ավստրալիայի բնակչությունն է։ Օրինակ՝ ռուսական բազմաթիվ գործարարներ մեծ հաջողությամբ ներդրումներ են անում կենգուրուի մսի բիզնեսում, որն արտահանում են Ռուսաստան, որտեղ կենգուրուի մսի ֆարշը խառնում են տավարի կամ այլ ընտանի մսատու կենդանու ֆարշի հետ ու օգտագործում են երշիկեղենի արտադրությունում։
2. Արաբական Միացյալ Էմիրություններ
Արաբական Միացյալ Էմիրություններում ևս գործում են սպեցիֆիկ օրենքներ, որոնք կարգավորում են արտասահմանյան կապիտալով աշխատող բիզնեսի գործունեությունը։ Մասնավորապես, համաձայն նավթային այս տերության օրենսդրության՝ ԱՄԷ-ում գրանցված ոչ մի ընկերության արտասահմանյան կապիտալը չի կարող գերազանցել 49 տոկոսը, իսկ, օրինակ, Դուբայում ինչ-որ ընկերություն գրանցելու համար այն պետք է ունենա առնվազն 82000 դոլարին համարժեք մեկնարկային կապիտալ, որի 49 տոկոսը միայն կարող է լինել օտարերկրյա ներդրում։ ԱՄԷ-ում դա հատկապես ակտուալ է զբոսաշրջության ու, առհասարակ, սպասարկման ու ծառայությունների ոլորտում. խանութներ, արտադրամասեր, ծառայություններ։
1. Վիետնամ
Արագ տեմպերով զարգացող ու ՀՆԱ-ով արդեն անգամ Ռուսաստանին անցած Վիետնամը շատ գրավիչ պայմաններ է առաջարկում փոքր բիզնեսի համար։ Բուռն աճող տնտեսության և աստիճանաբար բարձրացող գնողունակությունով հասարակության պայմաններում այստեղ հատկապես շահավետ է փոքր բիզնես վարելը, ընդ որում, ի հեճուկս տարածված կարծրատիպերի՝ Վիետնամն ամենևին էլ չի հանդիսանում հետամնաց մի երկիր, որն առավելապես ծածկված է ջունգլիներով ու գոյատևում է միայն գյուղատնտեսության շնորհիվ։ Այստեղ մեծ տեմպերով զարգանում է տուրիզմը, առավել ևս, որ ասիական այս պետությունն ունի հարյուրավոր կիլոմետրերով ձգվող ափամերձ գոտի։
Վիետնամում շատ շահավետ է ռեստորանային բիզնեսը, ու կարելի է մոտ 25000 դոլարով բավականին նորմալ ռեստորան բացել, որը կարող է լինել թիրախային ինչպես տեղաբնակների համար, այնպես էլ այցելող տուրիստների։ Աշխատուժի ու սննդի ցածր ինքնարժեքը թույլ է տալիս տնտեսել այդ կետերի վրա, իսկ ռիսկերից, թերևս, կարելի է նշել միայն բարձր մրցակցությունը, եթե Դուք տեղական սպառողի վրա եք աշխատելու, և սեզոնայնությունը, եթե զբոսաշրջիկներն են լինելու Ձեր թիրախը։