...Երբ դեռ երեխա էինք, գարնան առաջին ձնծաղիկների փոքրիկ փունջը քսում էինք աչքներիս ու հենց մեր աչքերին մաղթանք հղում.
-Գարո՛ւն տեսնեք, ճպռոտում չտեսնե՛ք...
Ու դա բավարար էր:
Սակայն այսօր ես իմ բոլոր ընկերներին, բարեկամներին, ծանոթ-անծանոթի գարնան առաջին ձնծաղիկներն եմ նվիրում ու հորդորում՝ քսեք ձեր աչքերին ու մաղթեք.
-Աչքե՛ր, գարուն տեսնեք ու սահմանին զոհվող պատանի զինվորի վիշտ չտեսնեք,
-գարուն տեսնեք ու «արաբական գարուն», «սլավոնական ձմեռ», «իսլամական պետություն», ցեղասպան վայրագություններ չտեսնեք,
-գարուն տեսնեք ու իր անձնական-խմբակային շահն ազգայինից վեր դասող պալատական վերակացուներ չտեսնեք,
-գարուն տեսնեք ու կուշտ-ապահով-թոփալ ընդդիմություն չտեսնեք,
-գարուն տեսնեք ու կեղծարարներին ծափահարող ու ստրկաբարո ծառայողներ չտեսնեք,
-գարուն տեսնեք ու արցունքն աչքերին հայրենիքից արտագաղթող հայ ընտանիք չտեսնեք,
-գարուն տեսնեք ու «կիսաբաց լուսամուտներ», «սուր անկյուններ» և սերիալային մառազմներ չտեսնեք,
-գարուն տեսնեք ու «պատվավոր» և «վաստակավոր» կեղծ փաթեթավորումներով անպիտանիություն չտեսնեք,
-գարուն տեսնեք ու պիղծ ոհմակներից հալածական և վտարանդի հերոսներ և շղթայված ու զնդանված դյուցազուններ չտեսնեք,
-գարուն տեսնեք ու...
Դո՛ւք շարունակեք...
Գարուն է գալիս, դռները բացե՛ք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել