Վերջին տարիներին՝ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններն էլ ավելի սրվեցին: Մակերեսային պատճառն այն է, իբր Իրանը պատրաստում է միջուկային զենք, բայց իրականում խնդիրը գալիս է պատմության խորքից:
Մինչև 1979 թվականը ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունները համեմատաբար լավ էին, բայց նույն թվականի հեղափոխությունից հետո ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կտրուկ լարվեցին:
Ստեղծված իրավիճակում առավելություն ստանալու համար Իրաքը 1980 թվականին պատերազմ սկսեց Իրանի դեմ: ԱՄՆ-ն այդ պատերազմում շատ մեծ դեր խաղաց՝ զինելով Իրաքի զինված ուժերին և նույնիսկ բախումներ ունեցավ Իրանի հետ:
1988թ. պատերազմի ավարտից հետո Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները շարունակեցին վատ մնալ: Շուտով ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում հայտնվեց Իրաքի նավթը, և ԱՄՆ-ն հարձակվեց ու զավթեց այն:
Այստեղ նա մեծ սխալ կատարեց: Իրաքի վրա հարձակումով նա թուլացրեց Իրաքին՝ Իրանի հակառակորդին, խախտելով տարածաշրջանի հավասարակշռությունը: Վերջինս շատ արագ օգտվեց ստեղծված իրավիճակից ու, Իրաքի հետ հարաբերությունները լավացնելով, իր ազդեցությունը տարածեց Իրաքի վրա ու նրա միջոցով էլ Սիրիայի և Լիբանանի:
Իհարկե, ԱՄՆ-ին դուր չեկավ այս ամենը, և նա սկսեց հայտարարություններ տարածել, իբր Իրանը միջուկային զենք է պատրաստում: Այդպիսով, ԱՄՆ-ն աշխարհին փորձում էր ցույց տալ, իբր ինքն իրավունք ունի Իրանի վրա հարձակվելու:
Բազմաթիվ անգամներ Իրանին սպառնալուց հետո ԱՄՆ-ն և այս գործում իր գլխավոր դաշնակից Իսրայելն այդպես էլ չհարձակվեցին Իրանի վրա:
Իրանի դեմ պատերազմ մղելը, կարծում եմ, այդ երկուսին ավելի շատ կվնասեր, քան օգուտ կտար, և կարծում եմ՝ պատերազմով տարածաշրջանի հավասարակշռության հարցը չէր լուծվի:
Հիմնական պատճառները 4-ն են.
1. 20-րդ դարի երկրորդ կեսից հաշված՝ Իրանն ԱՄՆ-ին հանդիպած ամենալուրջ հակառակորդն է լինելու: ԱՄՆ-ն նույնիսկ չկարողացավ պարտության մատնել Վիետնամին, ով Իրանից շատ անգամներ թույլ է:
2. Իրանի կողմից ֆինանսավորվող Հեզբոլլահ կազմակերպությունը կարող է ընդամենը մի քանի տարում կատարել ավելի շատ ահաբեկչական գործողություններ ԱՄՆ-ում, քան Ալ Քաիդան իր ողջ պատմության մեջ:
Պատերազմը սկսվելու հենց առաջին օրից Իրանը Հեզբոլլահին դուրս է բերելու ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ: Հեզբոլլահի զորքի մի մասը գտնվում է Լիբանանում, վերջինս սահմանակցում է Իսրայելին, այսինքն՝ Հեզբոլլահը կարող է նաև մեծ սպառնալիք լինել Իսրայելի համար:
Իրոք որ, Հեզբոլլահը շատ անգամներ ավելի ուժեղ է, քան Ալ Քաիդան, և ամեն տարի մոտ 100 միլիոն դոլարի արժողությամբ օգնություն է ստանում Իրանից:
3. ԱՄՆ-ի վրա այս ամենը շատ թանկ է նստելու: Թալիբանի դեմ պայքարի ժամանակ նա ծախսեց ավելի քան 3 տրիլիոն դոլար՝ չհաշված, որ մարդկային կորուստները քիչ չէին: Իրանն այդ ժամանակվա Թալիբանից շատ անգամներ ավելի ուժեղ է, և Իրանին ծնկի բերելն արժե ամենաքիչը տասնյակ հազարավոր զոհեր և վիթխարի գումար ու ռազմատեխնիկա:
4. Ամենակարևորը՝ Իրանն ունի աշխարհագրական հսկա առավելություն: Խոսքը գնում է Հորմուզի նեղուցի մասին, որը Պարսից ծոցը միացնում է Համաշխարհային Օվկիանոսին և սահմանակցում է Պարսկաստանին: Պարսից ծոցից է արտահանվում շրջանառվող նավթի մոտ 2/3-ը: Այսպիսի կենսական կարևորություն ունեցող նեղուցի փակումը, նույնիսկ մի քանի շաբաթով, կհանգեցնի համաշխարհային ճգնաժամի:
Հորմուզի նեղուցն ընդամենը 32 կմ լայնություն ունի, և Իրանն ունի համապատասխան ռազմական միջոցները՝ այդ նեղուցը երկար ժամանակով փակելու համար: Նույնիսկ եթե Իրանին չհաջողվի ամբողջությամբ փակել այդ նեղուցը, ապա, գոնե ծովային պատերազմ մղելով, կստիպի նավթ տեղափոխող նավերին չմոտենալ այդ վտանգավոր տարածքին:
Սակայն վերջին քայլը կարելի է անել ծայրահեղ դեպքում միայն: Փակելով այդ նեղուցը՝ նա առաջին հերթին ինքն իրեն է վնասում: Երկրորդ, Իրանի դեմ դուրս կգան ուրիշ երկրներ, որոնց թվում է Սաուդիան Արաբիան: Այնուամենայնիվ, երբ որ ուրիշ ելք չմնա, Իրանը ստիպված կլինի դիմել ծայրահեղությունների:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել