Մեծ պահքի երրորդ շաբաթվա պահեցողությունն ամփոփող օրը Եկեղեցու հայրերը կոչել են Անառակ որդու կիրակի: Ղուկասի Ավետարանի այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպիսին է ուրախությունը Երկնավոր Հոր` զղջումով ու ապաշխարությամբ դեպի Իրեն դարձած յուրաքանչյուր զավակի համար: Կորցրածը գտնելու ցնծության մասին մեր Փրկիչն իր աշակերտներին ամենայն պատկերավորությամբ ներկայացնում է երեք պատմություններ` կորած ոչխարի, կորած դրամի և անառակ որդու առակները: Այս առակներն առավել քան խոսուն են և լիովին փոխանցում են դրախտից արտաքսված մարդու ապաշխարությունն ու դարձը դեպի Լույս` իրենց Արարիչը: Բարձրյալ Աստված, ինչպես և անառակ որդու մասին առակի հայրը, անկախ որևէ հանգամանքից, հասցված վիրավորանքից, պատճառած վնասից, իբրև ծնող, միշտ գրկաբաց սպասում է իր մոլորյալ որդիներին: Միշտ կա ետ դարձի ճանապարհը, որը, երբեմն որքան էլ տհաճ, հոգեբանորեն դժվար հաղթահարելի ու մտքով ընկալելի, պսակվում է երկուստեք ուրախությամբ: «Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է», - ասում է Տերը` ներկայացնելով առաջին երկու առակները: Հիվանդն է բժշկի կարիք զգում և մեղավորը` ապաշխարության, որովհետև այդ է փրկության ճանապարհը, որ ամոքում է հոգու վերքերը, վերացնում տառապանքները և սիրտը ցավի փոխարեն լցնում անբացատրելի լուսավոր ուրախությամբ:
Անառակ որդու պատմությունն իր բոլոր կողմերով լավագույնս արտացոլում է մարդկային ողբերգության, Աստված-մարդ, ծնող-զավակ, զավակ-զավակ հարաբերությունների խճապատկերը: Իրեն բաժին հանված ունեցվածքը վատնած, անառակ կյանքով հղփացած ու կործանման վիհում հայտնված կրտսեր որդին, ծայրաստիճան նեղության ու նվաստության ծանր բեռի ներքո, բայց և պատանեկության ու ծնողական ջերմության ու սիրո քաղցրահամ հիշողությունը սրտում զղջում է ու իր հայացքը պարզում դեպի հայրական օջախ: Նա պատրաստակամ է վերադառնալ այնտեղ իբրև ծառա` արժանի չլինելով որդի կոչվելու: Բայց ի˜նչ զարմանք. հայրը, ընդառաջ գալով և չլսելով անգամ նրա մեղայականը, ընկնում է վերջինիս պարանոցով, ցնծում և կարգադրություններ անում խնջույքի, մատանի անցկացնելով մատին` վերականգնում նրա իշխանությունը, որովհետև «իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկ. 15.24):
Այս առակը հուշում է քրիստոնյաներիս, թե ինչպես պետք է ապրել և ինչպիսին պետք չէ լինել: Պետք չէ վատնել Աստծուց տրված հոգևոր և նյութական բարիքները` մեր շնորհներն ու գանձերը` շաղ տալով դրանք խոզերի առաջ, այիսինքն` հանիրավի և իզուր: Պետք չէ ուրանալ մեզ տրվող ժառանգությունն ու գանձը, այն պահպանելու ու առատացնելու պատվերը և կամայականորեն տնօրինել այն: Պետք չէ Աստծուց, ծնողներից, բարեկամից ու ընկերոջից ակնկալածը ստանալուց հետո երես դարձնել նրանցից:
Առակն ունի ևս մի հերոս` ավագ որդին, որը, հակապատկերն էր անառակ որդու: Սակայն, եղբոր վերադարձի լուրը ստանալով ու տեսնելով այդ առիթով հոր ցնծությունը, նա նախանձով ու բարկությամբ տրտմում է հայտնված մեղավորին ընծայվող պատիվների պատճառով:
Թե´ հոգևոր կյանքում և թե´ առօրյայում երկու կերպարներն էլ մեզ անծանոթ չեն: Փորձենք ճանաչել նրանց և տարբեր դեպքերի ու իրավիճակների բերումով տեսնել մեզ և մեր կողքիններին: Հաճախ մեր մեջ են և´ ավագ որդին, և´ կրտսերը:
Մարդն է, որ ոտնահարելով ամեն ինչ, ամեն գնով ու ճանապարհով պատրաստ է հասնել իր բաղձանքին, ազատորեն տրվում է մոլուցքներին ու ինքն իրեն կամովին պարուրում մեղքերով ու անօրենությամբ: Նույն մարդն է, որ, վայելելով հանդերձ Աստծու օրհնությունը, շրջապատի սերն ու հարգանքը, լինելով օրինապահ և ունենալով բոլոր բարիքները, կարող է մեկ կայծից բռնկվել, հոգով խռովել, նախանձել ու քինախնդիր լինել` տեսնելով իր կողքին անառակի ու անօրենի նկատմամբ առավել հոգատարությունն ու ուշադրությունը: Այդ պահին կուրացած չկամությամբ, անկասկած, չի ճանաչում և չի լսում ձայնը, որ ասում է. «Որդյա´կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է» (Ղուկ. 15.31):
Սակայն բոլոր դեպքերում Աստված միշտ գրկաբաց սպասում է մեր դարձին, որովհետև Աստծու զավակներ ենք, Լույսի որդիներ, ովքեր կարող են իրենց ներումը, մխիթարությունը, խրատն ու զորությունը ստանալ միմիայն ծնողի` Արարչի մոտ: Տերն ակնկալում է մեր զղջումն ու դարձը ողջամտությամբ ու քաջությամբ, և այն ժամանակ է, որ կվայելենք դրախտային կյանքի նախկին փառքն ու պատիվները: Այս է Անառակ որդու կիրակիի պատգամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել