Փետրվարի 27-ին Ասկերանում կազմակերպված հուշ-միջոցառումների ավարտին Ասկերանի ազատամարտիկները հայտնեցին, որ չեզոք տարածքում ցանկանում են հանդիպել իրենց հարևան գյուղի` Խոջալուի նախկին բնակիչներին, որպեսզի նայեն միմյանց աչքերի ու առերեսեն միմյանց ճանաչող երկու կողմերի պատմությունները: Պատերազմի հետևանքներն անդառնալի են Ասկերանի շրջանում: «Սև օրերի» մասին հիշողութունները ծանր են անդրադարձել տեղացիների հոգեբանության ու առողջության վրա: Փետրվարի 27-28-ը հիշատակի օրեր էին Արցախում: Ասկերանում կազմակերպված միջոցառումներին ներկա էին 1988թ. սումգայիթյան ջարդերի ականատեսները, Ասկերանի ազատամարտիկները, տեղի բնակիչներ, լրագրողներ, ուսանողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Ստեփանակերտից և Երևանից: Ոգեկոչման արարողությունից հետո մասնակիցները այցելեցին տեղի եկեղեցի, այնուհետև ազատամարտիկները նրանց առաջնորդեցին Ասկերանի երբեմնի դիրքերը, որտեղից հստակ երևում էին երկու կողմերի հենակետերը և Խոջալուի մարդասիրական միջանցքը: Ականատեսները ներկայացրին կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Խոջալուի (գ. Իվանյան) ազատագրման պատմությունը: Ազատամարտիկների վկայությամբ` խիստ անարդար են «ցեղասպանության» մասին մեղադրանքները: Հայկական կողմը դեպքից դեռևս մեկ ամիս առաջ զգուշացրած է եղել Խոջալուի ռազմական հենակետին, որ պատրաստվում է ազատագրել այդ տարածքը, և բնակչությանը դուրս բերելու համար միջանցք էր թողնված: Սակայն բնակիչների միայն մի մասն է լքել գյուղը: Մարտական գործողություններից երեք օր առաջ մերոնք կրկին հորդորել են դուրս բերել խաղաղ բնակչությանը: Հայկական կողմն արել է ամեն բան, որ նրանք չտուժեն: Բժիշկ-ազատամարտիկ Արմեն Գասպարյանի վկայությամբ` իրենք աջակցություն են ցուցաբերել Խոջալուն լքող ծերերին, կանանց ու երեխաներին, օգնել են անցնել ադրբեջանական կողմ: Ավելի տարաբախտ էին այն խոջալուեցիները, ում ուղեկցել են ՕՄՕՆ-ականները: Ադրբեջանական կողմի տնօրինության տակ գտնվող տարածքում, Աղդամից 2-3 կմ հեռավորության վրա նրանց սպանել են, ապա տեղափոխել մի այլ` ձյունապատ տարածք, որտեղ արդեն արվել են խոշտանգված դիերի ու մարմնամասերի լուսանկարներ: Տանկիստ Աշոտ Սարգսյանի խոսքով` հայ տղամարդը երբեք անօգնական երեխայի կամ կնոջ վրա չի կարող ձեռք բարձրացնել, էլ ուր մնաց` մորթել կամ խոշտանգել: Նա պատմում է, թե ինչպես են իրենք տասնյակ խոջալուեցիների ուղեկցել են Ասկերանի ոստիկանություն և հոգ տարել նրանց` մինչև սահմանն անցկացնելը: Նա վստահեցնում է, որ եթե վնասելու լինեին, իրենց մոտ, իրենց առջևով անցնելիս կվնասեին, ոչ թե կթողնեին` հասնեն հակառակորդի տարածք: Ասկերանի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Աղաջանյանը ասում է, որ մինչ օրս իրենց հանգիստ չի տալիս կատարվածը: Ճիշտ է` պատերազմ էր, հայերը Սումգայիթ ու Բաքու էին տեսել, բայց Խոջալուն անհասկանալի, չբացահայտված է մնացել նաև իրենց համար: Այս է պատճառը, որ ազատամարտիկներից Էլբրուսն առաջարկում է հանդիպել իրենց ծանոթ նախկին խոջալուեցիների հետ: Նա վստահ է, որ որևէ մեկը չի կարող նայել իրենց աչքերին ու ասել, որ իրենք մորթել կամ սպանել են կանանց ու երեխաներին: Վիճակը նետված է. Ասկերանցի ազատամարտիկները կողջունեն այն համարձակին, ով կկազմակերպի առերեսումը:





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել