Tert.am-ը գրում է.

Ավետիսյանների   ընտանիքի սպանության մեջ մեղադրվող  Պերմյակովի մասին ռուսական կողմի վերջին երկու օրերի հայտարարություններից արդեն ամբողջանում է  պատկերը,  որի առաջին եզրակացությունն այն է, որ ռուսական կողմը երկար ժամանակ լինելով մտորումների մեջ, թե ինչպես ձևակերպի Ավետիսյանների սպանության շարժառիթը, ու որևէ այլ տարբերակ  չկարողանալով գտնել, ըստ էության, փորձում է դրա հիմքերը ստեղծել, որ Պերմյակովին ինչ-որ փուլում ճանաչեն անմեղսունակ, և իրական պատճառը թաքցնի:

Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝արձանագրելով, որ Պերմյակովի մասին վերջին երկու օրվա ընթացքում տարածված տեղեկությունը  երեք հիմնական բան է արձանագրում:

«Առաջին՝ Դոնի Ռոստովում տեղակայված զինվորական դատարանում  գործը քննելու մասին, երկրորդ՝ ռուսական կողմից  տարածված այն տեղեկությունը, որ մոտ 50 պաշտոնատար անձանց, այդ թվում՝ բժիշկների նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը՝ Պերմյակովի հոգեկան առողջության վիճակի մասին տվյալները կեղծելու և նրան զինվորական ծառայության համար պիտանի ճանաչելու  մասին ակնհայտ  կեղծ եզրակացություն տալու հիմքով է: Եվ երրորդ, ռուսական կողմից  Պերմյակովի նկատմամբ  դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՌԴ   հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը, ըստ «Ազատության»,  հայտարարել էր, որ մոտ ապագայում դատարանը մի շարք աղմկահարույց գործեր է լսելու, այդ թվում՝ Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը:

Արթուր Սաքունցի հաջորդ եզրակացությունն այն է, որ ռուսական կողմն ամեն ջանք գործադրում է, որպեսզի Պերմյակովը ընդհանրապես  դատարանում չհայտնվի, քանի որ հակառակ պարագայում,  տուժողների ներկայացուցիչների մասնակցությամբ  ընթացող դատին վերջիններս նրան հարցեր տալու հնարավորություն կունենան և կարող են շատ հանգամանքներ բացահայտել: Ինչը, ըստ Արթուր Սաքունցի, ցանկալի չէ ռուսական կողմի համար:

«Եվ եթե նույնիսկ չհաջողվի հասնել նրան, որ Պերմյակովը չհայտնվի դատարանում, այնուամենայնիվ, այդ դատական պրոցեսը տեղի կունենա ռուսական դատարանում և աշխարհագրորեն այնպիսի տեղ, որը հասանելի չլինի տուժողների համար, որովհետև զորամասը ինքնակամ լքելու հոդվածով դատապրոցեսի դեպքում անգամ մենք կկարողանայինք անմիջականորեն լսելու Պերմյակովի կողմից այնպիսի բացատրություններ, որը կարող էր վտանգ ներկայացներ  ռուսական կողմի նախաքննական մարմնի ոչ օբյեկտիվ քննությունն ի ցույց դնելու առումով»,- սա էլ իրավապաշտպանի երրորդ եզրակացութունն է:

Հիշեցնենք, որ Սաքունցը ներկայացնում է Ավետիսյանների հարսի՝ Արաքսյայի հոր շահերը:

Նրա ամփոփմամբ նույնիսկ 50  և ավելի մարդու նկատմամբ քրեական  հետապնդում իրականացնելու ճանապարհով փորձ է արվում Պերմյակովին զերծ պահել հրապարակային դատավարությունից:

Հիշեցնենք, որ նրանցից շատերը ազատվել են աշխատանքից օլիգոֆրենիա հիվանդությունն ունեցող Պերմյակովին բանակ զորակոչելու համար, այն դեպքում, երբ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ  Արմեն Սողոյանն ասում է, որ այդ հիվանդությամբ, որպես կանոն, բանակ զորակոչվում են: Եթե միայն վտանգավոր վարք չի հայտնաբերվում:

«Եվ այստեղ ռուսական կողմի հիմնական վարքի հետ կապված հիմնական հարցը հասցեագրվում է  ՀՀ իրավապահ մարմիններին, որոնք, ըստ էության, ի սկզբանե դրսևորած ոչ սկզբունքային դիրքորոշման, այնուհետև ոչ պատշաճ հետևողականության հետևանքով գտնվելու են խաղից դուրս վիճակում՝ իրենց բոլոր փորձաքննություններով ու օբյեկտիվ տվյալներով հանդերձ»,- ասաց նա՝ գնահատելով, որ հայկական կողմը կանգնելու է փակուղու առաջ:

Անդրադառնալով Պերմյակովին ՌԴ տեղափոխելու հետ կապված խնդրին, մասնավորապես, թե ինչ  իրավական հիմնավորում կա, որը կխոչընդոտի Պերմյակովին ՀՀ տարածից դուրս հանելուն, Արթուր Սաքունցն ասաց, որ այս մասին ավելի մանրմասն կխոսի, երբ կանդրադառնա Քննչական կոմիտե ուղղարկված իր մի շարք միջնորդությունների ճակատագրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել