Նախագիծը հայաստանյան հեռուստաշուկա բերելու և ցուցադրելու իրավունքն Արմենիա հեռուստաընկերությունը ձեռք է բերել  «Sony Pictures»  ընկերությունից:  

Ինչպես Հայաստանում, այնպես էլ հարևան ու մի շարք եվրոպական երկրներում նմանատիպ միջազգային նախագծերն իրականացվում են որոշակի ստանդարտներով և տեխնիկական հագեցվածությամբ: 2014-ի հոկտեմբերից բոլոր մարզկենտրոններում և տեղի դպրոցներում իրականացվել են նախընտրական փուլեր: Առաջին եթերաշրջանի համար ընտրվել են 12 տարին լրացած և 14–ը դեռ չբոլորած աշակերտներ: Ընդհանուր առմամբ, մարզերի 2000-ից ավելի հայտատուներից ընտրվել են 39 հոգի, իսկ Երևանից` 57: Նախընտրական փուլերի ժամանակ աշակերտները 20 րոպեի ընթացքում պետք է 40 հարցից բաղկացած թեստից առնվազն 30-ին ճիշտ պատասխանեին, որից հետո անցնում էին բանավոր հարցազրույցի փուլ: Երբ արդեն բոլոր մարզերում և Երևանում ավարտվեց այդ գործընթացը, բոլոր արդյունքները համադրելով, պրոդյուսերական ու խմբագրական կազմն ընտրեց լավագույն 96-ին:

Ի տարբերություն մյուս նախագծերի` հարցերը նախապես չեն տրամադրվելու երեխաներին: Նրանք պիտի շատ լավ իմանան այն, ինչ նախատեսված է եղել իրենց դպրոցական ծրագրում: Կլինեն նաև այնպիսի հարցեր, որոնց շնորհիվ կտեսնենք մասնակցի ընդհանուր զարգացվածության աստիճանը. ասենք՝ հայկական ֆիլմերի կամ որևէ հայտնի մարդու կյանքի որոշակի մանրամասներ, որոնք դպրոցական ծրագրով նախատեսված չեն:

Խմբագրակազմը բաղկացած է հայերից՝  «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  ինտելեկտուալ հեռուստախաղի գիտակներն են` հաղորդավար Կարեն Քոչարյանի գլխավորությամբ: Այսինքն` չենք կարող կասկածի տակ առնել խմբագրակազմի մասնագիտական ունակությունները: Կա հարցերի ահռելի քանակ, որովհետև յուրաքանչյուր խաղի համար պիտի գրվեն նոր հարցեր: Հարցերը կազմում է խմբագրակազմը, իսկ հետո ընդհանուր պրոդյուսերական ու խմբագրական խորհուրդը հավաքվում և քննարկում է բովանդակությունն ու մատչելիությունը:

Յուրաքանչյուր մեկ ամբողջական խաղ բաղկացած է 3 փուլից: Առաջին փուլում խաղում են 12-ը, որոնցից առավելագույն միավոր հավաքած 6 մասնակիցներն անցնում են երկրորդ փուլ: Հեռուստադիտողների համար ամենահետաքրքիրը հենց այս փուլը կլինի: Երկրորդ փուլում մասնակիցն ընտրում է իրեն հետաքրքրող թեման և 90 վայրկյանի ընթացքում պետք է մաքսիմալ արագությամբ ճիշտ պատասխանի շատ հարցերի: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար կստանա մեկ միավոր և ավելի մեծ հնարավորություն կունենա հասնելու երրորդ փուլ: Երրորդ և վերջին փուլում կմնան 3 մասնակիցներ, և բոլոր երեք փուլերի արդյունքում ամենաշատ միավոր հավաքած մասնակիցը կդառնա այդ օրվա խաղի հաղթողը և կանցնի կիսաեզրափակիչ փուլ:

Անգլիայից մեծ քանակությամբ տեխնիկա է գնվել և ներկրվել Հայաստան հատուկ այս խաղի համար: Ճիշտ և սխալ տարբերակներն ընտրելու է համակարգիչը, ինչը և փաստում է, որ մարդկային գործոնը հօգուտ այս կամ այն մասնակցի բացառվում է:

Յուրաքանչյուր խաղին նախատեսված են խրախուսական մրցանակներ, սակայն եզրափակիչ խաղի մրցանակը գաղտնի է պահվում:

Խաղը կվարի Նազենի Հովհաննիսյանը, ով իր տարիների մասնագիտական փորձով ապացուցել է, որ կարող է վարել նաև նմանատիպ հեռուստանախագիծ, շփվել երեխաների հետ:

Նախագիծը նաև ցույց կտա, որ գիտության շնորհիվ երեխաները հնարավորություն ունեն հեռուստադեմքեր դառնալու: Պետք է այս տարիքից երեխաներին ցույց տալ, որ գիտելիքն է այն ճանապարհը, որ բացելու է ցանկացած դուռ և բերելու է անձնական բարեկեցության, ուժեղ հասարակության և ամուր պետության կառուցմանը:







Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել