Tert.am-ը գրում է․

ՀՀ քաղաքացի Նարինե Շարոյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Արմավիր» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգին՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ինչն առաջացրել է բուժվող հիվանդի մահը։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։»

Նախաքննությամբ պարզվել է, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Հ. Հակոբյանը 2014 թվականի հունիսի 28-ին հերթապահություն է իրականացրել կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում։ Ժամը 11։50-ին բուժօգնության է դիմել 19-20 շաբաթական հղի Ն.Շարոյանը, ում բժշկական օգնություն ցուցաբերելիս մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորվել է անբարեխիղճ վերաբերմունք։

Մասնավորապես՝ հղի կնոջը մանկաբարձական բաժանմունք ընդունելու և այնտեղ բոլոր հետազոտությունները կազմակերպելու փոխարեն մանկաբարձ-գինեկոլոգը նրան ուղարկել է ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ հնարավոր չի եղել ժամանակին ախտորոշել հղիության հետ կապված բարդությունները և ըստ այդմ՝ ժամանակին կատարել անհրաժեշտ բուժական միջոցառումները։

Դա պատճառ է դարձել հղիի օբյեկտիվ վիճակի ոչ ճիշտ գնահատմանը, ուշ ախտորոշմանը, ինչի հետևանքով միայն ժամեր անց՝ 15։50-ին է գինեկոլոգի կողմից կատարվել ճիշտ ախտորոշում և չնայած այդ պահից ձեռնարկված համարժեք բուժական միջոցառումներին՝ կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել