Ադրբեջանական anspress.com լրատվականը Խոջալուի դեպքերի մասին սրտաճմլիկ վերնագրով կես էջի սահմաններում հոդված է տարածել, որտեղ միայն դրա մեջ պարունակվող տեղեկությունները հերքելու համար բազմակի ավել ջանք կպահանջվի:

Նախևառաջ նշված է ինչ-որ «Qaflan» (Գաֆլան) «հայկական խմբի» մասին, որը զբաղվել է Խոջալուում մահացածների դիակներն այրելով: Համացանցում ակտիվ հայատառ և լատինատառ որոնումներից հետո, բնականաբար, նման խմբի մասին խոսք անգամ չգտնվեց:

Հաջորդը հիշատակվում է ոմն «Daud Xheriyan» հայազգի լրագրողի մասին, որը հիշում է այդ օրերի դեպքերը: Խորհրդավոր լրագրողի որոնումներն արդյունք տվեցին այս անգամ, բայց կրկին հարևանների համար անցանկալի: Պարզվեց, որ այս հեղինակի՝ Դավութ Հեյիրիանի (հանդիպող տարբերակներ՝ Դաուդ Հեյրիյան, Դաուդ Հեյրյան, Դավուդ Հեյրյան) «Հանուն խաչի» և Զորի Բալայանին վերագրվող «Մեր հոգիների հարությունը» գրքերը պարզապես ադրբեջանական քարոզչության սին հնարքներից են: (Հղում)

Հաջորդիվ արդեն «լրագրող» կոչեցյալը պատմում է Տիգրանյան ազգանվամբ հայ զինվորի մասին, որը դաժանություններ է իրականացնում, անարգում դիակները՝ վերջում չմոռանալով ավելացնել, որ ինքն այդպես էլ ոչ մի կերպ չկարողացավ «դրա դեմն առնել»:

Եվ վերջին՝ ամենահետաքրքիր ակորդը, որ Խոջալուի դեպքերն իրականացրել է հայկական 2000-անոց զորախումբը՝ Մոնթե Մելքոնյանի գլխավորությամբ: Մոնթեն իբր ասել է, որ հայերը գնդակները խնայելու են, դանակներով են սպանելու:

Կարծում եմ` Մոնթեի անունն ընտրել են, քանի որ լուսավորության պակաս զգացող երկրում նա առավել հայտնի հայ հերոսներից է: Նրանք այդպես էլ չեն հասկանա, որ մեր մեկ Ազգային հերոսն իր ոգով, հայրենասիրությամբ և մարդկային արժանիքներով ավելին է, քան իրենց 213-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել