Ձյունապատ արահետի սպիտակ շավիղներով քայլում էր Գրեյսը՝ խաղաղության ոգին: Նրա կարեկից սրտի անեզր ծովում պարում էին մարդկային խղճի գթածուփ ալիքները: Աղջկան սառնաշունչ բուքն այնպես էր առաջ մղում, ինչպես հոսող ջուրն է մաքրում իր ճանապարհի փոշեպատ հայելիները: Գրեյսի վարդաթերթ մազերի ծաղկավետ թավշությունը կորել էր արծաթյա ձյուների մարմարե հևքում: 

Կապուտաչյա աղջկա էության խորքում գարնանային ծաղկունքն էր բուրում: Նա բռնել էր մի ծղոտե զամբյուղ, որը լի էր արնավառ վարդերի բողբոջներով: Գրեյսի  շրջազգեստի բաց  կանաչ  շիվերը  զարդարում էին նրա   մարմինը, թեպետ  անկարող էին պաշտպանել  այն  մրսելու  դողից:

Պողպատե սառույցների և անաղարտ ձյուների վրա ոտաբոբիկ քայլում էր աղջիկը: Նրան թվում էր, թե իր ոտքերի տակ ջարդված ապակու բեկորներ են թափված, որոնք շյուղաթավ ծաղկունք կդառնային գարնանային արևոտ օրերին:

Գրեյսը սառչուն բարության ջերմավառ պատկերն էր: Փնտրելով խաղաղության դարավոր ուղին, նա գնում էր դեպի հավերժի հեռուն: Գրեյսի գթառատ աշխարհը զատված էր չարության խորհրդից:

Իր անեղծ գոյության անապակի մեջ նա գտնում էր սփոփիչ գթության անեզրությունը: 

Ապրելով միայնակ՝ հեռու հարազատական կարեկցանքից, նա ձգտում էր ապավեն դառնալ մարդկանց վշտերին և  խաղաղություն բերել աղմկող աշխարհին: Գրեյսի հրալից հոգում այժմ թափառում էին պատերազմի տագնապահույզ քամիները, որով զատվում էր խաղաղ սրտերի միասնությունը: 

Նա նայեց նրբաթերթ վարդերին, որոնք օժտված էին խոսելու ունակությամբ: Նրանցից մեկը հարցրեց Գրեյսին.

- Մենք ինչպե՞ս ենք հայտնվել զամբյուղում:  

- Դուք խաղաղության լույսերի վարդաբույր թերթերն եք: Խաղաղ ապրելու ամեն մի հույս քնքուշ  վարդաթերթ է դառնում և զարդարում իմ ծղոտե զամբյուղը: Ձեր թերթերը մարդկանց հույսերի պես  անսպառ են:

- Մենք դեպի  ու՞ր ենք շտապում,- խոսեց մի ուրիշ ծաղիկ: 

Աղջիկը պատասխանեց.

- Մենք գնում ենք օգնելու այն մարդկանց, ովքեր դարձել են բանական գազանների կենդանի զոհերը: 

Այդ ժամանակ աշխարհի շատ անկյուններում պատերազմներ էին տիրում: Տարբեր երկրներում ահագնացող պայթյունները բորբոքում էին խռովահույզ ցասման արյունալի բախումներ: 

Գրեյսը հասավ մի քաղաքի, ուր պատերազմը հանկարծահաս երկրաշարժի էր նմանվում: Աղջիկը քայլում էր ավերակների միջով, որտեղ դեռ արձագանքում էր բեկված սրտերի այրող հառաչը: Անմեղ մարդկանց խաղաղատենչ բազմությունը դիմադրում էր մեղսագործ ցասման գայլային աստկությանը:

Հարյուրավոր արյունարբու գործիչներ ցանկանում էին ընդլայնել իրենց երկրի տարածքները:  Կատարվում էր ամենամեծ չարագործությունը.  մարդուն զրկում էին խաղաղ ապրելու  իրավունքից: 

Բարձրացող զենքերն իջեցնում էին նրանց հույսի սյուները: 

Մարդկանց աղաղակներից մորմոքի ծուխ էր բարձրանում և ձուլվելով ռումբերի երկաթե կանչին, հանգչում իբրև կորած աղերսանք:

Նրանց գունաթափ դեմքերին դաջվել էր մահվան երկյուղի ահեղ սարսուռը: Ու թեպետ մարդկանց  սրտերը կառչած էին ապրելու տենչին, ոտքերը գրկել էին  դյուրաթավ հողի խորունկ տամկությունը: Ոմանք խելակորույս փախչում էին: Նրանք թողնում էին իրենց տներն՝ առանց ետ նայելու:  

Խաղաղության ոգին տեսավ մի սպանված տղայի, ով ընկել էր որպես երերուն հույսի չծլած բողբոջ,  տանելով իր հետ հանգչող իղձերի հողե մոխիրը: Պատանուն սպանողը կարծես փակել էր  պատուհանին զարնող լույսի շողերը: «Աշխարհի ամենավտանգավոր արարածը կարեզուրկ մարդն է»,- մտածեց Գրեյսը: 

Աղջիկը շարունակում էր շրջել պատերազմի ճամփեքով: Գնդակները, Գրեյսին դիպչելով,  խաղաղության լույսեր էին դառնում և անվնաս թողնում նրան: 

Շրջելով երկրեերկիր, քաղաքից քաղաք՝ խաղաղության ոգին վարդաթերթերը շաղ էր տալիս զենքերի վրա: 

Զամբյուղի վարդերն անսպառ էին: 

Աղջիկը մագլցում էր բարձրաբերձ լեռների ձյունասքող գագաթները, ուր իշխում էին  հավերժական ամպրոպների քամամրրիկ որոտները: Դժվարին վերելքը համբերության երկարուն  թելեր էր հյուսում և արժևորում լեռան գագաթին հասնելու բերկրանքը: Ահարկու քամին պատռում էր  լեռան զառիվար լանջերն ու սուլելով հասնում անտես ձորերի քարքարոտ հեռուները:  

Լեռից լեռ անցնելով՝ Գրեյսը վարդաթերթեր էր  շաղ տալիս նրանց ճերմակ գագաթներին:

Այնուհետև աղջիկը հասավ ծովերի հատակին, գտնելով զենքերի ու ատոմային ռումբերի վիթխարի  թաքստոցներ: 

-Բարձրությունների և  խորությունների հանդեպ վախը մարդկանց պահում է միջակ հարթության  խորխորատի մեջ,- վարդերին դիմեց Գրեյսը: 

Խաղաղության ոգին կանխում էր աշխարհի պատերազմները:  

Մի անգամ նա մոտեցավ տարբեր երկրների սահմանները գծող փշալարերին և ողողեց դրանք վարդաթերթերի կարմիր թավիշով: Փշալարերը դարձան լուսե  սյուներ: Մարդկանց սրտերում տագնապը զիջեց կորսված անդորրին:

Զարմանքը տիրեց նրանց: Շատերը չէին հասկանում, թե ինչ է կատարվում: Ժողովրդի խռնված  երթևեկը նման էր գաղթական մարդկանց հայրենադարձությանը: 

Ոմանք հուզված գրկախառնվում էին, մյուսները՝ երջանկության արցունքներ թափում... 

-Ես ինչպե՞ս կարող էի վնասել մարդկանց,- մտածեց  Ջոն անունով մի զինվոր, ով քիչ առաջ դեռ  մարդկանց էր սպանում,- ծանր է սեփական մեղքերի գիտակցումը:

Մի գեղեցիկ աղջիկ, ով հազիվ ուշքի էր եկել պատերազմի ցնցումից, մոտեցավ Ջոնին և ասաց.

-Պատերազմը որբացած մանուկն է, միայնակ մայրը, ոտաբոբիկ ծերուկն ու տնազուրկ տատիկը:  Այն հուսախաբ սրտերի վաղահաս ձմեռն է:  

Մի սևազգեստ կին, ով պատերազմի հետևանքով կորցրել էր տունը, ավերակների վրա նստած  լալիս էր: Նրա հեկեկանքները կարծես փլված օջախի կորստյան երգ լինեին: Խաղաղության ոգին  մոտեցավ կնոջն ու ասաց.

-Քաջություն ունեցեք կանգնելու ավերակների վրա, այլապես կմնաք դրանց ծանրության տակ:

-Տունը դժվարությամբ է կառուցվում, բայց  հեշտությամբ քանդվում,- ասաց կինը:

Կիսամութի մեջ մոխրագույն երկինքն ասես դանդաղորեն փլվում էր, ստվերում թողնելով դողդոջ  սրտերի կապույտ պատրանքը: 

Գրեյսն իր քնքուշ ափերի մեջ առավ կնոջ ճաքճքված ձեռքերը: 

Խաղաղության ոգին զամբյուղից վարդաթերթեր հանեց ու շաղ տվեց նրա ձեռքերին:  Վարդաթերթերը՝ խաղաղության լույսեր դառնալով, հանգստացրին կնոջ երերուն սիրտը:

-Հաղթելով ներքին պատերազմում՝ դուք տոկուն եք դառնում աշխարհի հանդեպ,- ասաց  ժպտադեմ աղջիկը: 

Գրեյսը խաղաղության լույսեր վառեց մարդկանց անհանգիստ սրտերում: 

Պատերազմի խռովքից հանդարտված մարդիկ անչափ զարմացած էին կատարված հրաշքով և  փորձում էին գտնել անհաս գաղտնիքի խորհրդավոր բանալին: Ամենուր շրջելով՝ նրանք լույսի շողեր  էին գտնում, ոչ թե զենքեր:

Զենքերի բոլոր տեսակներն ու ատոմային ռումբերը դարձել էին լույսի հրացոլ շողեր: Փշալարերը՝  լուսե սյուներ դարձած, հեռու էին վանում պատերազմի շունչը: 

Անցնում է ժամանակ: Օրերի թամբին հեծնում է դարերի հավերժող ձիավորը: Հին սերունդներին  գալիս են փոխարինելու նորերը: Գենետիկ հիշողության դարավոր արձագանքը նրանց սրտերում  ծնում է  պատերազմելու և երկրներ նվաճելու անհատնում մոլուցքը: 

Ժամանակը բերում է ցասման նորանոր ալիքներ: Խաղաղության ոգին դեռ  շրջում է երկրագնդի  բոլոր կողմերով: Նա զենքերին վարդաթերթեր է ցանում, կանխելով հուժկու պատերազմները:  Աշխարհի տարբեր վայրերում խաղաղության լույսերը խարույկներ են վառում, ուր այրվում է  մետաղյա զենքերի երկաթե փոշին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել