Tert.am-ը գրում է․

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ նիստի ընթացքում անդրադարձել են ընթացիկ հարցերի, ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքներին, մարտին սպասվելիք ՏԻՄ ընտրություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կուսակցության և խորհրդարանական խմբակցության մասնակցությանը:

Հարցին, թե ի վերջո՝ ի՞նչ հանգուցալուծման են եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը նախորդ շաբաթ տեղի ունենացած համատեղ հանդիպմանը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Մարտի հինգին կլինի ԲՀԿ-ի համագումարը, կարող եք հետաքրքրվել իրենցից, իսկ Ծառուկյանը ներկայացրել է իր դիրքորոշումը, և այլևս ասելու բան չկա»:

Դիտարկմանը, թե նախորդ շաբաթ նիստից հետո ինքը հայտարարել էր, թե տգիտությունը զոռբայությունը քաղաքականության մեջ տեղ չունեն, դեռևս նույն կարծիքի՞ն  է, Էդուրադ Շրմազանովն ասաց, որ ինքը կարող է կրկնել նախորդ շաբաթ իր ասածները, քանի որ ի տարբերություն շատերի՝ ինքը մտածում, նոր է խոսում:

«Մենք մնում ենք նույն կարծիքին: Նախագահի խոսքում չի եղել վիրավորանք, եղել է գնահատական: Բոլոր գնահատականները, որոնք հնչեցվել են, եղել են բացառապես քաղաքական, խնդրում եմ՝ բացեք ևս մեկ անգամ և ընթերցեք Նախագահի խոսքը»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանը կարծես շարունակում է մնալ քաղաքականության մեջ, պատասխանեց, որ դա նրա խնդիրն է:

Հարցին՝ ի՞նչ սպասումներ ունեն ԲՀԿ-ից ստեղծված իրավիճակից հետո, նա պատասխանեց. «Սպասումներ չունենք, մենք ունենք մեր քաղաքական օրակարգը և շարժվում ենք դրան համապատասխան»:

Իսկ դիտարկմանը,  թե տպավորություն է ստեղծվում, որ ՀՀԿ-ն փոշմանել է և սրբագրում է իր նախորդ ասածները, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց հարցով. «Որտե՞ղ եք տեսել գնահատականների սրբագրում: Կրկնում եմ՝ բոլոր քաղաքական պրոցեսները պետք է գնան բացառապես քաղաքական ճանապարհով, կիսագրագիտությունը, զոռբայությունը, բիլակներով հարց լուծելը պետք է դուրս մնան քաղաքական մշակույթից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել