Tert.am-ը գրում է.

Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին իրադարձություններից հետո թիվ 1 հարցն այն է, թե ով է լինելու հիմնական ընդդիմությունը, որովհետև այն դերը, որ վերջին ամիսների ստանձնել էր ոչ իշխանական եռյակը, այդ ձևաչափն այսօր չկա:


Այս մասին այսօր հայտարարեց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանը:


Բորիս Նավասարդյանը համարում է, որ այդ դերը կարող է ստանձնել «Բարգավաճ Հայաստանը»՝ ձևափոխված, նոր դեմքերով, բայց հին օլիգարխիկ կապերով ու ֆինանսական հնարավորություններով, և իհարկե առանց Գագիկ Ծառուկյանի՝ առնվազն մինչև 2017 թվականը:


«ԲՀԿ-ի բազայի վրա ընդդիմության ձևավորում՝ որոշ դեմքերի փոփոխության պայմաններում: Դա որքան էլ որ հետաքրքիր տարբերակ չէ, այսինքն՝ որքան էլ որ դա կբերի մեր ավանդական քաղաքական դաշտի տեսքի, բայց ամեն դեպքում դա մնում է հավանական: Ես համոզված եմ՝ մոտակա ժամանակում մենք կտեսենք նոր ֆորմալ առաջնորդ ԲՀԿ-ում, և ԲՀԿ-ն կփորձի ավելի հանգիստ, ավելի համբերատար ձևերով նախապատրաստվել ընտրություններին՝ շատ չջղայնացնելով իշխանություններին և դրանով իսկ իրեն ապահովագրելով տարբեր տեսակի ոտնձգություններից»,-հայտարարեց Բորիս Նավասարդյանը և ավելացրեց, որ նման ընդդիմությունը նաև որոշակի քաղաքական պաշտպանություն կստանա Ռուսաստանի կողմից:


Իսկ իշխանությունն էլ, իմանալով, որ ԲՀԿ-ն այդ կարգի պաշտպանություն ունի հյուսիսից, նույնպես շատ կտրուկ քայլեր չի ձեռնարկի:


Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ապա Բորիս Նավասարդյանը, համաձայնելով քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ, նկատեց. «Եթե չի ավարտվել Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարիերան, ապա սառեցվել է, համաձայն եմ, որովհետև համարում եմ, որ շանսերը մնում են, որ Գագիկ Ծառուկյանը կմտնի քաղաքականություն: Եվ հաշվի առնելով, որ մեզ մոտ հաջողակ են լինում այն քաղաքական գործիչները, որոնք կարճ տարածության վրա են գործում՝ անսպասելիորեն մտնում են և մի քանի շաբաթներում հավաքում մեծ աջակցություն, չեմ բացառում, որ որպես քաղաքական գործիչ կվերադառնա անմիջապես 2017 թվականի ընտրություններից առաջ՝ որպես ԲՀԿ կամ առաջնորդ կամ առաջնորդներից մեկը»:


ԵՄԱ նախագահը  մի փոքր տեսական հնարավորությունը չի բացառում, որ այդ դերին կարող էր հավակնել «Հայ ազգային կոնգրեսը», եթե Լևոն Տեր Պետրոսյանն ունենար իրավահաջորդ, որը, նրա գնահատմամբ, ՀԱԿ-ը չունի:


«Եթե այդ քաղաքական ուժը փորձի լուծել հակասությունների հարցը Նիկոլ Փաշինյանի հետ, եթե նա վերամիավորվի ՀԱԿ-ի հետ: Եվ այդ դեպքում, բնականաբար, կզրոյանա Լևոն Տեր-Պետրոսյանի դերը, որովհետև Նիկոլ Փաշինյան-Լևոն Տեր-Պետրոսյան՝  կողք կողքի հնարավոր չէ պատկերացնել»,-արձանագրեց ԵՄԱ նախագահը՝ կրկնելով, որ խոսքն այնուամենայնիվ  խիստ տեսական հնարավորությունների մասին է և հիշեցնելով, որ «քաղաքական  դաշտում շատ հազվադեպ են իրար ներում»:


Իսկ ՀԱԿ իրավահաջորդի մասին Բորիս Նավասարդյանը խոսեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ մասին ժամանակին խոսել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանն ինքը:


«Մենք հասկանում ենք, որ ՀԱԿ-ը Լևոն Տեր Պետրոսյանն է, իսկ ինչպես ինքն է խոստովանում, տարիների ընթացքում ավելի երիտասարդ չի դառնում: Իսկ այլ ռեսուրսներ,  որ կարող է այս քաղաքական ուժին դարձել ինքնուրույն, հիմնական խաղացող, այն էլ՝ անվերահսկելի, ես  համարյա բացառում եմ»,-ասաց Բորիս Նավասարդյանը:


«Հիմնախնդիր խորհրդարանն» էլ, ըստ նրա, հիմնական ընդդիմության դերին չի կարող հավակնել, այլ բան է, որ  կարող է ինչ-որ պահի իրավիճակ սրել, այսինքն՝ լինել «կողքից խաղացող»:


Այս ամփոփումները Բորիս Նավասարդյանն արեց՝ դիտարկելով առաջիկա ներքաղաքական սցենարները և իշխանությունների հնարավոր քայլերը: 

«Իրավիճակը լարված է մնում, և կա հասարակության համար տեղեկատվության պակաս։ Այն խոսակցությունները, որ կային փետրվարի 12-ին, անկախ նրանից՝ մեզ դո՞ւր էին գալիս, թե ոչ, բայց բաց էին։ Իսկ այսօր արդեն փակ  դռների, կուլիսների հետևում են»,-իրավիճակը ներկայացրեց Բորիս Նավասարդյանը:


Ըստ նրա՝ այս ամենի տրամաբանական շարունակությունն այն է լինելու, որ իշխանությունը պետք է փորձի իր համար հարմար ընդդիմություն ձևավորել, ինչը հնարավորություն կտա իրեն հանգիստ գործել և հանգիստ իրականացնել իր մոտակա ժամանակների ծրագրերը:


Բորիս Նավասարդյանի հայացքով՝ որքան էլ այդ փնտրտուքն իրականացվում է իշխանությունների կողմից, այդ ծրագրի իրականացումն այնքան էլ հավանական չէ՝ մի քանի պատճառներով:


Առաջինն այն է, որ հանգիստ, չափավոր ընդդիմությունը, այն պայմաններում, որում գտնվում է Հայաստանը, երբ կան բազմաթիվ մարտահրավերներ և խնդիրներ, որոնք ոչ թե նվազում են, այլ հակառակը՝ գնալով շատանում, հասարակության համար չի կարող ընդունելի լինել և նրանից ստանալ մեծ աջակցություն:


Իսկ երկրորդ հանգամանքն այն է, որ Հայաստանի քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ որքան էլ վերահսկելի ընդդիմություն լինի, երբ գալիս է ընտրությունների պահը, այն սկսում է վերջին պահին գործել ինքնուրույն՝ շանս ստանալով:


«Ընդհանրապես, Հայաստանում ընտրողը միշտ հակված է ընտրել այլընտրանք, և, բնականաբար, այդ գայթակղությանը նույնիսկ վերահսկվող ընդդիմությունը չի կարող դիմանալ և չփորձել օգտագործել իր համար վերջին պահին առկա շանսը»-ավելացրեց ԵՄԱ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել