Օրեր առաջ Կառավարության նիստի օրակարգում քննարկվել և հավանության է արժանացել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը:

Ըստ փոփոխման՝ բարձրացվում է ԱԱՀ-ի շեմը մինչև 113,4 մլն. դրամի, որը գործող 58,35 մլն. դրամ շեմի համեմատ բարձր է մոտ 1,9 անգամ:

Երկրորդ կարևորագույն փոփոխությունը՝ առևտրական գործունեությունից եկամուտների դրույքաչափը 1%-ի փոխարեն հաստատվելու է 5%-ը: Հաշվետու ժամանակաշրջանի համար շրջանառության հարկը կարող է նվազել փաստաթղթավորված գործարքների հանրագումարի դեպքում մինչև 4% չափով, սակայն այն չպետք է պակաս լինի առևտրական գործունեություն իրականացնողների համար հարկվող օբյեկտի 1,5%-ից: Փաստացի, առանց փաստաթղթավորման շրջանառության դեպքում դեպքում տնտեսվարողը վճարում է 5%, իսկ օրենքով սահմանված կարգով փաստաթղթավորում իրականացնելու դեպքում նույնիսկ 1,5%:

Բացի այդ, գործող օրենքի հոդված 12-ի 4-րդ մասը՝ «Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները պարտավոր են, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, փաստաթղթավորել բոլոր ապրանքներ ձեռք բերելու գործարքները», ըստ առաջարկվող փոփոխության «պարտավոր» բառը փոխարինվելու է «կարող» բառով, իսկ «բոլոր» բառը հանվելու է:

Կառավարությունը «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում ներկայացվող փոփոխություններում հիմնականում հաշվի է առել տնտեսվարողների կարծիքները և առաջարկությունները, որոնք քննարկվել էին հունվարի 30-ին վարչապետի հետ հանդիպման ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել