Tert.am-ը գրում է․

Գյումրեցիների զայրույթը խորացած է,  նրանք համբերեցին 40 օր: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասաց  Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի  նախագահ Լևոն Բարսեղյանը՝ ներկայացնելով Գյումրիում Ավետիսյանների սպանության նախաքննությունից հետո տիրող  իրավիճակը, երբ Ավետիսյանների հարազատները ներխուժել էին Շիրակի դատախազության շենք և բացատրություններ պահանջել:

«Մարդիկ քառասուն օր սպասելուց հետո ուղղակի զայրույթի և հուսահատության մեջ մտածում են բողոքի ակցիաների մասին, հացադուլի մասին։ Խոսակցություն է եղել և երեկ դատախազության տարածած հայտարարությունը նպաստեց դրան»,- ներկայացրեց Լևոն Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը խնդրո առարկայի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով, ինչպես նաև խուսափելու համար տարաբնույթ մեկնաբանություններից, պարզաբանել էր, որ  քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ 03.02.2015թ-ին միջնորդություն է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային, և որ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից:

Ըստ Լևոն Բարսեղյանի մեկնաբանության՝ դատախազությունը փորձեց դրանով կրակ մարել, մի քիչ հանդարտեցնել իրավիճակը, բայց  «արդեն այդ թղթերը, նամակ գրելը որևէ մեկին չի բավարարում»:

Նա հիշեցրեց, որ գլխավոր դատախազը ԱԺ նիստում ստիպված ընդունեց, որ կատարվել է լրջագույն խախտում՝ Պերմյակովին ձերբակալելիս: Այսինքն, որ օտար պետության քաղաքացիներն են  նրան հետախուզել, ձերբակալել:

Ըստ որում, Լևոն Բարսեղյանը հեգնեց, թե «Գևորգ Կոստանյանը չմանրամասնեց՝ միայն ռո՞ւս, թե՞ նաև ճապոնացի կամ ֆիլիպինցի քաղաքացիները Հայաստանում նման գործողություններ անելու լիազորություններ ունեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել