Tert.am-ը գրում է․

Հարավային Կովկասը, Միջերկրական և Սև ծովերի ավազանները միշտ Թուրքիայի համար մեծ նշանակություն են ունեցել. այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի՝ Բաքվում գտնվող արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Ցավոք, այս տարածաշրջանում այնպիսի ձգձգված խնդիրներ կան, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի, աբխազական և հարավ-օսական հակամարտություններն են, որոնք անորոշության աղբյուր են հանդիսանում», -ասել է նա:

Նախարարը կարծում է, որ էթնիկ, կրոնական հողի վրա հակամարտությունները, կամ նրանք, որոնց հիմքում տարածքային հավակնություններն են, ինչպես նաև անվտանգության բացակայությունը բացասաբար են անդրադառնում թվարկված խնդիրների լուծման վրա:

«Այդ խնդիրների խաղաղ լուծումը՝ Ադրբեջանի ու Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այն գործոնն են, որը բխում է տարածաշրջանի ազգերի ու միջազգային հանրության շահերից»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ թվարկված խնդիրները սպառնալիք են Եվրասիայի կայունության ու խաղաղության համար:

«Այդ պատճառով էլ համաշխարհային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն, պետք է բազմապատկեն ջանքերը տարածաշրջանի հակամարտությունների լուծման համար»,- ասել է Չավուշօղլուն՝ հիշեցնելով, որ Թուրքիան հետևում է գործընթացներին ու սատարում Ադրբեջանին:

Նրա խոսքով՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Թուրքիան երրորդ երկրների հետ շփումների ընթացքում միշտ բարձրաձայնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ այն իր խնդիրը համարելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել