Կարծում եմ՝ ոջիլի պատմությունը բոլորին է հայտնի, երբ ուսանողը, որը սովորել էր միայն ոջիլի մասին, այլ թեմաներից հնչած հարցերին մի երկու խոսքով պատասխանում է, հետո, վարպետորեն անցում կատարելով ոջիլին, բավականին անթերի ներկայացնում դրա վերաբերյալ ամեն ինչ:

Ու ինչի՞ սա հիշեցի, քանի որ այս օրերին՝ փետրվարի 24-25-ը, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթանում է «Տարածաշրջանային կայունության համատեքստում միջուկային և ճառագայթային անվտանգության արդի հարցերին նվիրված» միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում են փորձագետներ և պաշտոնատար անձիք տասից ավելի երկրներից, այդ թվում՝ Հայաստանից և մեր անբաժան հարևան Ադրբեջանից:

Ադրբեջանի պատվիրակության անդամ, Ադրբեջանի ԱԻՆ Միջուկային և ռադիոկատիվ գործունեության կարգավորման պետական գործակալության պետռեգիստրի բաժնի պետ Ռամին Փաշաևն իր ելույթի ժամանակ ներկայացրել է Ադրբեջանում ռադիոակտիվ նյութերի պահպանման, շահագործման վերաբերյալ տվյալները, խոսել դրանց անօրինական շրջանառության դեմ իրականացվող միջոցառումների մասին:

Վերջում Փաշաևը չի մոռացել նշել, որ քանի որ արդեն 20 տարի է, ինչ իրենց հողերի 20%-ն «օկուպացված» է, իրենք այդ տարածքների համար չեն տիրապետում միջուկային նյութերի քանակության, դրանց շրջանառության վերաբերյալ տվյալներին: Այդ հարցի լուծման համար «օկուպացված» հողերը պետք է ազատվեն և վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ:

Իսկ մեր կողմից անտեղի չէր լինի ավելացնելը, որ Արցախում միջուկային և ռադիոակտիվ թափոններ չկան, առհասարակ՝ 20 տարի է, ինչ թափոններ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել