Tert.am-ը գրում է․

ԱԺ հայտարարությունների ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բերձորյան միջադեպին, երբ խաղաղ ավտոերթի մասնակցները ծեծի էին ենթարկվել ԼՂՀ մատույցներում։

Նա միջադեպը որակեց Ղարաբաղի պետականությանը ծանրագույն հարված, երբ կասկածի տակ են դրվում միջազգային ատյաններում հայկական պատվիրակության պնդումները, թե ԼՂՀ-ում կա ժողովրդավարություն:

Փաշինյանը հիշեցրեց, որ միջադեպից հետո ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնեց Ստեփանակերտ՝ քննարկելու և վերացնելու վտանգավոր հարցը:

«Իմ դիրքորոշումը եղել է միանշանակ՝ բնություններ կատարած անձինք ԼՂՀ սահմանված կարգով պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց նա և հավելեց, որ իր այս դիրքորոշումը կարծես ընկալելի է եղել ԼՂՀ ներկայացուցիչների համար, բայց հավելեց, թե այս ֆոնին զարմանալի է, որ միջադեպից երկու տասնյակ օր անց փաստի առթիվ որևէ  քրգործ չի հարուցվել։

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, թե խաղաղ ավտոերթի մասնակիցներին ծեծի ենթարկվողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ այս գործում  անփութություն ցուցաբերած ցանկացած պաշտոնյա պետք է պաշտոնանկ արվի:

«Սա ոչ թե իմ կամ որևէ մեկի քմահաճույքն է, այլ ԼՂՀ Սահմանադրության տարրական պահանջ: Սա է հետևանքները հաղթահարելու միակ ճանապարհը։ Եթե ոչ, դառնալու է  միջազգային հեղինակությունը քայքայող գործոն: ԼՂՀ իշխանությունը կանգնած է վճռական  ընտրության առաջ. հերթական անգամ կոչ եմ անում պետություն-ախպերություն երկընտրանքի առաջ՝ ընտրություն կատարել հօգուտ պետության, դա է այն ընտրությունը, որը բխում է հայոց պետականության և հայ ժողովրդի շահերից»,-ասաց նա: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել