Tert.am-ը գրում է․

Երկրում պետական կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագծի քննարկմանը, որն ԱԺ է ներկայացվել պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ, այսօր «Հանրապետական» խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը խնդրեց հիմնական զեկուցող «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին բացատրել, թե ինչ ասել է ճգնաժամ:

«Ճգնաժամը մի վիճակ է, որը բերում է աղետալի փլուզման, Դուք լավ գիտեք, թե ինչ է ճգնաժամը, ու չեմ կարծում, որ պետք է դասեր տանք, թե ինչ է դա: Կարող է Դուք ավելի լավ դասեր տաք, ես էլ ընդունեմ, բայց դա կապ չունի մեր դիսկուսիայի հետ: Երկիրն առևտրի բացասական բալանս ունի 3 միլիարդով: Մենք տնտեսություն չունենք, չունենք»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Խոսրով Հարությունյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք դա նշանակում է, որ իշխանությունն ընդհանրապես չի պայքարում կոռուպցիայի դեմ, ինչին ի պատասխան Լևոն Զուրաբյանն ասաց, թե, գուցե, մի երկու հոգու բռնել է ձևի համար, բայց երկրի բարձրագույն ղեկավարությունն է զբաղված բիզնեսով:

«Բերանս բացե՞մ, ասե՞մ՝ ինչեր են պատմում, մի կոռուպցիոները Դուք եք, Դուք չգիտե՞ք, որ Ձեզ արգելվում է զբաղվել բիզնեսով, կարո՞ղ է գիտեք Երևանում մարդ կա, որ չգիտի Խոսրով Հարությունյանի բիզնեսները, դե իմ մոտ մի հատ բիզնես գտեք էլի»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:


Խոսրով Հարությունյանի հարցին, թե ՀԱԿ պատգամավորը չի կարծում, որ առաջնահերթ ընդդիմությունն է հիվանդ, Զուրաբյանը հորդորեց իր հարցին պատասխանել: «Թող ընդդիմությունը հիվանդ լինի, կլինի, չի լինի, դա ուրիշ հարց է, ամբողջ ղեկը երկրի ձեր ձեռքն է, հիվանդը Դուք եք, ձեր իշխանությունն է»:

Խոսրով Հարությունյանը խորհուրդ տվեց ամբիոնն օգտագործել ավելի կոռեկտ՝ քաղաքական մտքերն արտահայտելու համար: «Իմ ու շատերի կենսափորձը բավարար է՝ միայն Ձեզ ու ամբողջ քաղաքական ուժին հասկացնելու համար: Ես պնդում եմ, որ ընդդիմությունը հիվանդ է»,– ասաց նա:

Լևոն Զուրաբյանն էլ հակադարձեց. «Եթե խոսում եք հասկացնելու մասին և հասկանալու, ուրեմն ինձ դաս չի կարող տալ մի մարդ, որը (ժամանակին – Tert.am) լինելով Հայաստանի վարչապետ՝ հանդես եկավ սեփական կառավարության ծրագրի դեմ ելույթով: Այդ արարքը ցույց է տալիս, որ հասկացնելու հարցում սովորելու բան չունեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել