Tert.am-ը գրում է․

Հայրենիքում հետախուզման մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նշանակումն Ուկրաինայի առաջնորդ Պյոտր Պորոշենկոյի խորհրդականի պաշտոնում չի ազդի Կիևի և Թբիլիսիի հարաբերությունների վրա: Այդ մասին «Ինտեր» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, գրում է lenta.ru-ն:

«Երկու եղբայրական երկրների միջև հարաբերությունները փչացնելը բավական բարդ է…»,- ասել է Մարգվելաշվիլին:

Ուկրաինական կառավարությունը «ձևավորվում է ուկրաինացի ժողովրդի ցանկությունների և ձգտումների հիման վրա», ընդ որում՝ յուրաքանչյուր վրացի «իր պարտքն է համարում Ուկրաինային օգտակար լինել և ծառայել Ուկրաինային», քանի որ երկու երկրներն ունեն ընդհանուր շահեր և ապագայի տեսլական, նշել է Մարգվելաշվիլին:

«Թե ինչ թեկնածուներ է ընտրում Ուկրաինայի օրինական կառավարությունը, ուկրաինացիների որոշումն է… Դա Ուկրաինայի ներքին գործն է»,- հավելել է նա:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Միխեիլ Սաակաշվիլիին իր խորհրդական է նշանակել փետրվարի 13-ին:

Փետրվարի 17-ին Վրաստանի դատախազությունը դիմել է Ուկրաինային՝ խնդրելով արտահանձնել Սաակաշվիլիին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել