Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը ինչպես միջազգային հանրության ուշադրության կենտրոնում կլինեն հայ-թուրքական հարաբերությունները, այնպես էլ hայ ժողովրդի ուշադրության կենտրոնում կլինեն թե միջազգային հանրությունը, թե խոշոր աշխարհաքաղաքական դերակատարները` իրանց իշխանություններով և ընդիմադիր քաղաքական ուժերով հանդերձ:

Այն երկրները, որոնք պատվիրակություն կուղարկեն Հայաստան, նրանց հետ մենք կարող ենք վերահաստատել բարեկամական հարաբերությունները և խորացնելով դրանք ձեռք բերել ռազմավարական դաշնակիցներ:

Երկրների երկրորդ զանգվածը կլինեն չեզոք դիրքերում գտնվողները, որոնց կարելի է բաժանել երկու խմբի.

ա) երկրներ, որոնց աշխարհաքաղաքական շահերից չի բխում Թուրքիայի հետ վատթարացնել նախկինում ունեցած հարաբերությունները, միաժամանակ չեն ցանկանում վատացնել Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները:

բ) երկրներ, որոնք չեն գալիս պարզապես մեր դիվանագիտական սխալների պատճառով (օրինակ խորապես համոզվածեմ, որ Հայաստանի կողմից ջանադիր աշխատանքի դեպքում կարող է Հայաստան ժամանել Ճապոնիայի առաջնորդը՝ ի դեմս կայսեր, ով հայերի նկատմամբ իր առանձնակի դրական վերաբերմունքը բազմիցս ցույց է տվել, Չինաստանի առաջնորդը, ում գալը բխում է հենց Չինաստանի աշխարհաքաղաքական շահերից, Հնդկաստանի, Իրանի առաջնորդները, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի շատ այլ երկրների ղեկավարներ և այլն):

Եվ, երկրների՝ մեզ համար ամենաանցանկալի ցուցակի մեջ կընդգրկվեն այն պետությունները, որոնք, ոչ միայն իրենց քաղաքական շահերից ելնելով, չեն գա Հայաստան, այլ կգնան Գալիպոլիի 100-ամյակը տոնելու: Թերևս այս պետությունները ոչ միայն դառնում են Թուրքիայի հովանավորները, այլ նաև ինչ-որ արհեստական տոնի մասնակցելով, որի մասին դժվար է ասել, թե որքանով էին տեղյակ նախկինում, ցույց են տալիս իրենց վերաբերմունքը առհասարակ ցեղասպանության՝ որպես քաղաքական գործիքի նկատմամբ: Կարճասած, այն երկրները, որոնց առաջնորդները կմեկնեն Գալիպոլիի տոնակատարությանը, դրանով կցուցաբերեն ցեղասպանությունների նկատմամբ իրենց դրական վերաբերմունքը: Ուստի հենց այդ երկրների մեջ կարելի է փնտրել ներկայումս ցեղասպանություն իրականացնող Իսլամական պետության հովանավորներին:

Սպասելի, սակայն միևնույն ժամանակ ծիծաղ առաջացնող է Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի այցը Թուրքիա, քանի որ 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիան Թուրքիայի հակադիր ճամբարում էր, և եթե Թուրքիան Գալիպոլիում հաղթանակ է տարել, դուրս է գալիս՝ պարտվել է Մեծ Բրիտանիան: Այդ դեպքում, ինչո՞ւ է Մեծ Բրիտանիայի թագուհին գնում սեփական պարտությունը տոնելու…

Եվ ի վերջո որքանո՞վ մեզ համար պետք է տարբերելի լինեն այն երկրները, որոնք Ադրբեջանի և Թուքիայի հետ կողք կողքի ապրիլի 24-ին Գալիպոլիում իրենց խնջույքով կփորձեն հերքել անհերքելին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել