Քիչ առաջ ATV-ի լրատվականն էի նայում։ Ռեպորտաժ կար համատիրությունների մասին՝ Դավթաշենի օրինակով։ Ապրի հեղինակը։ Չմտածեք՝ գովաբանել էր (այդ դեպքում հաստատ շնորհակալություն չէի ասի)։ Հակառակը՝ լավ էլ քննադատական նյութ էր, բայց օբյեկտիվ։
Ու ամենակարևորը՝ այդ ռեպորտաժը կարող է օգնել լուծել այն խնդիրը, որը մենք ենք փորձում լուծել՝ ցույց տալ համատիրությունների ճիշտ աշխատանքի կարևորությունը։

Ներկայացված էր երկու համատիրություն։ Մեկը լավ (արդյունավետ աշխատող), մյուսը՝ վատ։ Մի տեղ շքամուտքերը վերանորոգված էին, վիճակը բարեկարգ, մյուսում՝ հակառակը։ Ու այս երկրորդ համատիրության բնակիչները բողոքում էին՝ օրինակ բերելով, թե հարևան համատիրությունը ինչ աշխատանքներ է կատարում։

Սիրելի բնակիչներ, ախր այդ համատիրությունը դուք ինքներդ եք՝ դուք եք կազմավորում, դուք եք կառավարում ու վերահսկում։ Այն մյուս համատիրությունը, որի օրինակը բերում եք, նույնպես ձեզ պես բնակիչներ են։ Պարզապես նրանք լուրջ են վերաբերվում իրենց կառույցին, պարտաճանաչ են վճարումների հարցում ու պահանջատեր։ Սրանից էլ լավ օրինա՞կ։ Փորձեք նրանց պես գործել ու արդյունքը կտեսնեք։

Եթե տեսնեք, որ ձեզանից կախվածն անում եք, ու ինչ-ինչ խնդիրներ կան, կամ եթե համարում եք, որ խախտումներ կան, ես միշտ պատրաստ եմ ձեզ հանդիպել, լսել, քննարկել, աջակցել ու լուծումներ գտնել։ Միայն բողոքելով ոչնչի հասնել չի լինի, որովհետև ինքներդ ձեր դեմ եք բողոքում։

Ի դեպ, համատիրության վճարումները չկատարողներին կազմակերպությունը կարող է դատի տալ։ Բայց ես համատիրությունների նախագահներին հորդորել եմ զերծ մնալ այդ ճանապարհից, քանի որ գտնում եմ, որ պարտաճանաչությունը ավելի ճիշտ է ձևավորել ոչ թե ստիպողաբար, այլ՝ լավ օրինակը ցույց տալու շնորհիվ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել