Բանկում: Երկար հերթ: Մի կին հերթի միջից բարձրաձայն խոսում ա հեռախոսով: Չի խոսում է` տեռորի ա ենթարկում ներկաների լսողական օրգաններն ու լարված նյարդերը: Թեման` հայկական ընտանիքի հավերժական` հարս-սկեսուր-տալ պատերազմական եռյակն է` հրաշալի եռյակը: Էլ գող կիսուր, էլ քաչալ տալ: Ընթացքում` հատուկենտ բառեր ամուսնու մասին` թուլամորթ, փալաս, թամբալ, մամայի բալա... Հերթը դանդաղ սողում ա: Կինն արագ ու բարձր խոսում-բլբլում: Մարդիկ դժգոհում են, թարս նայում կնոջը, քթի տակ փնթփնթում, ծիծաղում ու ծաղրում: Մտածում եմ` կարելի ա քրեական օրենսգրքում նոր հոդված ավելացնել` մարդկանց նկատմամբ լսողական բռնություն կիրառելը` սուր ծակող լեզվի և բութ մտքի միջոցով: Կինը հանկարծ սկսում ա վիճել զրուցակցի հետ: Ինչ-որ խնդիր կա: Մարդիկ նույնիսկ հետաքրքրությամբ մտածում են` էս ինչ եղավ դաշնակիցների մեջ: Հետո հաշտվում են: Լեզվի ֆիզկուլտուրան շարունակվում ա: Մոտ 15 րոպե: 1 հոգի ա մնացել կնոջ հերթին: Ու հանկարծ.
-Լսի հիմա չեմ կարա խոսամ, բանկում եմ, տեղս հարմար չի: Կողքս մարդիկ կան («գրողի տարած բութ, մենք վաղուց ենք այստեղ». այս արտահայտություը համերաշխորեն նշմարվում ա բոլոր ներկաների հոգնած դեմքերին): Կինը մուծումը կատարում, գնում ա:

Մտածում եմ` ես կինը, եթե քաղաքականությամբ զբաղվեր, իշխանություն կլիներ: Անում ա էն` ինչ ուզում ա, էնտեղ, որտեղ ուզում ա, բանի տեղ չի դնում շրջապատող մարդկանց: Անպատվում ա հակառակորդներին, կռվում դաշնակցի հետ ու էլի հաշտվում: Մարդիկ բողոքում են, քթի տակ փնթփնթում, թարս նայում, ծիծաղում-ծաղրում, բայց այսքանը: Հետո մոտենում ա իր հերթը` հիշում ա մարդկանց: Իշխանության պես` ինչ ուզում, երբ ուզում, ոնց ուզում անում են: Կռվում քաղաքական հակառակորդների հետ, իրար գլխի լուտանք թափում, կոալիցիա կազմում, հետո կռվում իրար հետ ու էլի հաշտվում: Էս ողջ ընթացքում չեն նկատում ժողովրդին, բանի տեղ չեն դնում: Հետո մոտենում են ընտրությունները, ու միանգամից հիշողությունը վերականգնվում ա, ժողովրդին մտաբերում են, գնում-գալիս` պոչ խաղ տալիս: Դե, ժողովուրդն էլ, ոնց որ միշտ, ծով համբերությամբ իր հերթին ա սպասում, որ մուծվի, գնա տուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել