Tert.am-ը գրում է․

Երևանում քննչական վարչությունում շարունակվում է Երևանում փետրվարի 19-ին տեղի ունեցած 4 անձի վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննության նախնական տվյալներով փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղաքացի Ռ. Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Մարաշի Արմենակյան փողոցով Հերացու փողոցի ուղղությամբ, շուրջ 40 կմ/ժ արագությամբ:

Հասնելով Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեի դիմաց՝ վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա՝ դուրս եկել երթևեկելու գոտուց և բարձրանալով մայթին վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետև բախվել ցանկապատին: Վրաերթի հետևանքով մանկահասակ երեխաներից մեկը մահացել է, մյուս երեք քաղաքացիները գտնվում են բժշկական կենտրոններում։

Վթարի հետևանքով վնասվածքներ է ստացել նաև ավտոմեքենայի ուղևորը՝ վարորդի կինը, ով ամբուլատոր բուժօգնություն է ստացել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է. նա կասկածվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական-դատաքիմիական և մանրաթելային համալիր փորձաքննություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել