Գեղարքունյաց աշխարհի հյուսիսում՝ Սևանա թերակղզու հանդիպակած լեռնալանջին, ձգվում է սաղարթատերև անտառը, որի գոգին ծվարել է հնամենի «Մաշտոցներ» կոչվող հիասքանչ սրբավայրը, ուր գտնվում է Սրբակյաց Մաշտոց Եղիվարդեցի վարդապետի (ապագա կաթողիկոս Ամենայն Հայոց-897-898թթ.) խորհրդավոր ճգնարանն իր բուժիչ, հրաշագործող աղբյուրով:


Տեղանքի արևաշող, գեղատեսիլ բնությունը ողողված է արփիասնունդ ալպիական հրաշագեղ բուրումնավետ, խայտաբղետ ծաղիկներով ու փարթամ կանանչով:
Բարձրալեռնային անտառապատ գոտին հագեցած էր թարմ առողջարար օդով ու գրեթե ամենուր պատված զովասուն ծառերի պատսպարող սաղարթով և շուրջբոլոր տարածվող մարգագետիների մեղվաշատ պարսերի հավաքատեղի դարձած անհամար ծաղկանց բուրմունքով:
Գեղեցիկ բնության գողտրիկ այս անկյունում՝ երգեցիկ թռչունների թովիչ, հոգեպարար, հրաշագեղ դայլայլներով զմայլված ու դյութված հեքիաթային դրախտում բարձրաբերձ, ձնապատ լեռների գրկում հաստատված աղոթաբույր Սևանավանքը կապուտաչյա Գեղամա ծովակի անհունում ավելի անկրկնելի ու խորհրդավոր, առասպելական էր թվում:


Լեռնալանջի հարևանությամբ յուրովի ներդաշնակությամբ ներքևում ծփում է կապուտակ լիճը Սևանա՝ որպես «կտոր մը երկնքի», որը դանդաղկոտ, քուլա-քուլա ճերմակ ամպերի ալարկոտ, ծույլ թափորով առաջ սլանալով ալիք առ ալիք լիզում է անջրպետված պապագ ժայռերի կարծր ապառաժներն ու կարոտագին կարծես վերհիշում է իր փառավոր վաղեմի գոռ ընթացքը, երբ իրենից զատված այդ մեծամիտ ու հպարտ բազուկները ողորկ լեռնաքարի հալվելով մաշվում, տաշվում, ձուլվում և ընդելուզվում ու խորտակվում էին նրա դարավոր պարփակված վճիտ ջրահավաքի տիրույթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել