defaultՆախկին հոդվածներիցս մեկում գրել էի, որ Հրաշալի Եռյակի քաղաքական կյանքը հիշեցնում է Դիանա Գրիգորյանի գրչի «գոհարներից» մեկի՝ «Հարազատ Թշնամի» հեռուստասերիալի վերնագիրը: Ճիշտն ասած՝ սերիալը չէի հասցրել ըմբոշխնել, բայց վերնագիրը հուշում էր, որ մեր քաղաքական կյանքն ամբողջությամբ փոխլրացնում է այդ մեծ բացն իմ կյանքում: Եվ ահա, երկար ձգված և դիտողին դեգրադացնող քաղաքական Reality-Show-ի սցենարը վերջապես հասավ իր կուլմինացիային: Շատերին թվում էր, թե գոնե այս անգամ սցենարիստը կզարմացնի հանդիսատեսին, սակայն կրկին խեղկատակությունն ավարտվեց ինչպես միշտ՝ հուսալքելով հանդիսատեսին, ով այդպես էլ չհասկացավ, որ բավական է նայել միևնույն սցենարիստի ֆիլմը՝ միևնույն կիսապրոֆեսիոնալ և սիրողական դերասաններով, ովքեր միամտաբար սկսել են հավատալ, որ ոչնչով չեն զիջում Հոլիվուդյան աստղերին:

Ամեն անգամ նմանատիպ սցենարային գերլարումներին զուգահեռ կամ դրանց հաջորդող կատարյալ ապատիայի շրջանում միշտ տեղի են ունենում տարօրինակ իրադարձություններ, որոնք չեն արժանանում բթացած հանրության ուշադրությունը: Օրինակ՝

– Մենք կարծես թե մարսեցինք Բերձորում ազատամարտիկի ծեծի հետ կապված մեր տհաճ էմոցիանները:

– Ինչ-որ Պերմյակովին Հայաստանում դատելու պահանջը չի մոլեգնում հասարակության և ֆեյսբուքահայության սրտերում այնպես, ինչպես հաշված օրեր առաջ:

– Լրահոսում արժանի ուշադրության չեն արժանանում ՀայՌուսԳազարդից ստացվող ազդակները, որ մեզ սպասվում է հերթական «ավետիսը»՝ կապված գազի գների բարձրացման հետ:

– Էն առոգանությամբ չեն հայհոյվում ԱՄՆ-ն և Վիկտորյա Նուլանդը՝ վերջինիս «հումանիզմի» կոչի համար:

-Կարծես մոռացանք, որ դրամն արժեզրկվել է՝ արժեզրկելով մեր եկամուտները: Վարկերի տոկոսներն այնքան են բարձրացել, որ հիշեցնում են վաղ 90-ականները: Արանքում հնչում է ռազմահայրենասիրական հեռուստատեսային լրատվության ավետիսն այն մասին, որ Ադրբեջանում  մանաթն արժեզրկվում է, դրա արդյունքում հեսա նրանց տնտեսությունը քանդվելու է, իսկ խելագարված ազերիները նետվելու են պատուհաններից:

Երեկոյան մեր գրագետ գործարարներից մեկի սուպերմարկետից գնումներս ավարտեցի և քայլում էի դեպի ավտոմեքենան: Ճանապարհին՝ սուպերմարկետի կողքին, բացվեց կոնտրաստային մի տեսարան. մի տատիկ՝ աղքատիկ և կեղտոտ հագուստով, ճխլված կանաչու երկու խուրց ձեռքին, լիահույս նայում է ինձ, որ կնախընտրեմ հենց այդ դեղնած կանաչին: Ծխող միջին տարիքի մի տղամարդ ակտիվորեն առաջարկում է իր 90-ականների՝ բազմիցս վթարի ենթարկված OPEL մակնիշի տաքսու ծառայությունները, որտեղ հաստատ մանրադրամ չկա: Մի քիչ ավելի հեռու կարծես թե մոլորված մի կին՝ մարմնավաճառի վուլգար ու անճաշակ կերպարով, իր տարօրինակ հայացքով ու շարժումներով հասկացնել է տալիս, որ ոչ մի տեղ չի շտապում: Մինչ մեքենան տաքանում է, բացում եմ լրատվական կայքերը, ու Lragir.am-ը շտապում է ուրախացնել ինձ, որ ԱՄՆ-ն մշակել է վերջին 2 ամսում 654-րդ «Բեկումնային ռազմավարությունը՝ կապված Հայաստանի հետ», որը «բեկում» է մտցնելու մեր կյանքում:

Այո, Reality-Show-ն ավարտված է, ամեն ինիչ վերադարձավ ի շրջանս յուր: Ստաբիլ գաղջ ապատիա է, բայց կարևորը՝ կայուն է, և համաձայնեք, որ ԱՊԱՀՈՎ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել