Tert.am-ը գրում է․

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննա մեկնած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Երկուստեք կարևորվել է ՀԱՊԿ և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովների հետագա համագործակցության շարունակականությունը:

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և Ուկրաինայում տիրող իրադրությունը՝ կարևորելով բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ինչը ՀԱՊԿ ԽՎ-ի պատվիրակության ղեկավարի դիտարկմամբ՝ առանցքային ցուցիչ է միջազգային անվտանգության ամրապնդման հարցում:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հանդես են գալիս հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Նա ընդգծել է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում և անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից խնդրի ռազմական լուծման փորձերը:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ՝ պարոն Շարմազանովը հույս է հայտնել, որ 2015 թվականի ապրիլին ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչները կմասնակցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 70-ամյակի տարում միջազգային խորհրդարանական կազմակերպությունների համար ակտուալ թեմաներից մեկը հանդիսանում է ահաբեկչության և նացիզմի բոլոր դրսևորումների կանխարգելումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել