5 Մարդը պայթում է տիեզերքում
Իրականում այս միտքը տարածվել է հոլիվուդյան ֆիլմերի պատճառով։ Ռեժիսորները կարող են իրականությունը ներկայացնել այնպես, ինչպես ցանկանան՝ տպավորիչ տեսարաններ ստանալու համար։ Այո, ճիշտ է, որ մարդը մահանում է՝ բաց տիեզերքում հայտնվելով, սակայն, ինչպես շատերը կարծում են, մարդը չի պայթում։ Մահը ոչ թե միանգամից է վրա հասնում, այլ մոտ կես րոպեի ընթացքում՝ առանց որևէ հիմնական վնասվածքների։ Այս ժամանակահատվածում մարդը շնչահեղձ է լինում թթվածնի բացակայության պայմաններում։ Կուբրիկի «2001թ-ի տիեզերական ոդիսականը» ֆիլմում սա, թերևս, իրականությանն ամենամոտ ձևով է ներկայացվում։
4 Արեգակը կրակի գունդ է
Արեգակն իրականում շիկացած է, սակայն չի այրվում։ Հնարավոր է՝ սա այնքան էլ կարևոր տարբերություն չթվա, սակայն արեգակը միջուկային ռեակցիայի արդյունք է, ոչ թե քիմիական, այն դեպքում, երբ այրման գործընթացն իրենից քիմիական գործընթաց է ներկայացնում։
3 Երկիրն ավելի մոտ է Արեգակին ամռանը
Առաջին հայացքից սա բավականին տրամաբանական է թվում, սակայն այս թյուր կարծիքի պատճառը, թերևս, եղանակային փոփոխությունների մասին սակավ գիտելիքներն են։ Իրականում ոչ թե Արեգակի և Երկրի հեռավորությունն է խնդիրը, այլ առանցքի ուղեծրային թեքվածությունը։ Առանցքը, որի շուրջ պտտվում է մեր մոլորակը, իրականում թեքված է մի կողմի վրա։ Երբ առանցքը նայում է Արեգակին, կիսագնդում ամառ է, երբ այն հեռանում է, ձմեռ է։
Այո, իրականում Արեգակը երբեմն ավելի մոտ է, երբեմն էլ ավելի հեռու է Երկրից։ Բանն այն է, որ մեր մոլորակն օվալաձև ուղեծիր ունի։ Արեգակից Երկիր ընդհանուր հեռավորությունը մոտ 150 միլիոն կմ է, սակայն գոյություն ունի Արեգակից ամենամոտ ու ամենահեռու կետը Երկիր մոլորակի վրա։ Այսպես, Արեգակից մինչև Երկիր ամենամոտ կետը 147 միլիոն կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ ամենահեռու կետը՝ 152 միլիոն կմ։ Այնպես որ, տարվա ընթացքում Արեգակի և Երկրի միջև հեռավորությունը շրջապտույտի արդյունքում փոփոխվում է մինչև 5 միլիոն կմ-ով։
2 Լուսնի խավար կողմը
Տարածված է այն միտքը, թե Լուսնի մի կողմը հավերժական մթության մեջ է, այնինչ սա իրական չէ, պարզապես Լուսնի միայն մի երեսն է, որ մշտապես նայում է Երկրին, սակայն ոչ թե Արեգակին։ Լուսնի բոլոր կողմերն էլ տարբեր ժամանակահատվածում ստանում են արեգակի լույսը։
1 Տիեզերքի ձայնը
Կինոնկարները հազվադեպ է, որ ճիշտ են ներկայացնում տիեզերքի ձայները։ Դե, երբ պատրաստվում ես այնպիսի տեսարան նկարահանել, որտեղ պայթյուն ու դրամատիկ մահ է ներկայացված, կցանկանաս, որ հանդիսատեսն իսկապես տպավորվի՝ դա լսելով։ Ինչևէ, տիեզերք նշանակում է մի վայր, որտեղ չկա մթնոլորտ, ինչը նշանակում է, որ ձայնային ալիքները չեն կարող տեղաշարժվել։ Ինչևէ, սա չի նշանակում, թե ամբողջ տիեզերքում միայն մեր մոլորակի վրա կան ձայներ։ Եթե դուք գնաք մի այնպիսի մոլորակ, որը մթնոլորտ ունի, ապա, ամենայն հավանականությամբ, ձայներ կլինեն այնտեղ, սակայն դրանք մի փոքր տարօրինակ կհնչեն։ Օրինակ՝ Մարսի վրա ձայներն ավելի բարձր տոնայնություն կունենան։