Թե այսօր ով է ցանկանում շահարկել հայ-եզդիական հարաբերությունները, և ով է փորձում լարվածություն մտցնել` անհասկանալի է: Պատրվակ բերելով այն, որ նախաատրաստվում է Օսմանյան կայսրության տարածքում բնակվող քրիստոնյաների նկատմամբ Ցեղասպանության դատապարտող բանաձևը՝ եզդի համայնքի որոշ տաքարյուն երիտասարդներ փաստացի ծառայեցվում են ի դեմ Հայաստանի, փորձ է արվում նրանց միջոցով ցույց տալ, թե հայերն ուրանում են մյուս ազգերի ողբերգությունները՝ դրանով ստվեր գցել 100-ամյա պահանջատիրության վրա։ Ահա այս մի պարբերությամբ արդեն հստակ է դառնում, որ սա ուղղորդված մի գործունեություն է. «Ամփոփելով պետք է փաստել, որ Օսմանյան կայսրության տարածքում բնակվող ոչ մուսուլման ժողովուրդներից ամենամեծ արհավիրքն անցել է եզդի ժողովրդի գլխով: Կայսրության տարածքում բնակվող եզդիների գերակշիռ մեծամասնությունը կամ սպանվել է, կամ ասիմիլացվել: Եզդիները ոչ միայն զրկվեցին իրենց պատմական հողերից, այլև կորցրեցին հույսը, որ երբևէ այդ հողերի վրա կկարողանան ապրել անկախ կյանքով՝ առանց բռնությունների և ճնշումների»:

Ոչ ոք չի հերքում, որ Օսմանյան կայսրությունում բնակվող եզդիների նկատմամբ ևս տեղի է ունեցել բռնի ասիմիլացման, տեղահանման, ֆիզիկական բնաջնջման քաղաքակականություն, բայց չկան, միգուցե դեռ չկան որևէ փաստեր, որոնք կարող են տեղի ունեցածը բնութագրել որպես ցեղասպանություն։ Եթե լինեին, ապա Հայաստանը, ինչպես միշտ, առաջինը կլիներ, որ միջազգայնորեն կպաշտպաներ եզդիների շահերը և կդատապարտեր տեղի ունեցածը։ Բայց այսօր փորձ է արվում ոչ միայն քաղաքականացնել այդ հարցը՝ կապելով մի կուսակցության մի ներկայացուցչի հետ, այլ ընդհանրապես այնպիսի մի կարծիք ձևավորել, թե Հայաստանում եզդիների նկատմամբ առկա է խտրականություն և ավելին։ Եկեք ազնիվ լինենք և առանց որևէ «երեսով տալու» փաստենք, որ Հայաստանի եզդի համայնքն ունի բոլոր հնարավորությունները` զարգացնելու մշակութային կյանքը, օգտվելու բոլոր իրավունքերից, ունի մի շարք արտոնություններ ներկայացված լինելու խորհրդարանում, պետական մարմիններում, հատուկ անվճար տեղեր ունի բուհերում... Կարելի է շատ թվարկել։ Հայաստանն է, որ առաջինն է և դեռ միակը, ով միջազգային բարձր մակարդակով պաշտպանեց ու պաշտպանում է եզդիների իրավունքները: Այս ամենը երբեք չի հերքվել եզդի համայնքի ավագ սերունդների ոչ մի ներկայացուցչի կողմից:

Ապրիլի 24-ին ընդառաջ նման շեշտադրումներով ինչ-որ հարցի բարձրացնելն ու այն խնդիր դարձնելը կարելի է խիստ մտահոգիչ համարել: Կոչ կանեի, կխնդրեի, կհորդորեի եզդի համայնքի ներկայացուցիչներին խոհեմությամբ մոտենալ հենց այս հարցին, որպեսզի ոչ ոք չփորձի ազդել երիտասարդների վրա և տանել նրանց ինչ-որ արհեստածին առճակատմանը, փաստացի` Հայաստանի վարկաբեկմանը: Հասկանալի է, թե ում է ձեռնատու նման գործելաոճը. Հայաստանը եզակի երկրներից է, որը մտահոգված է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող այլատյացությամբ և ճնշումներով, և նման հայտարարութունները, նման ակցիաներն ու գործելաոճը վնասում են Հայաստանի ազնիվ մտադրությունների իրականացմանը և ջուր լցնում մեր հակառակորդի քարոզչամեքենայի կողմից ստեղծված հակահայկական ջրաղացին: Նման գործելաոճը շահեկան է նաև Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներով անհանգստացած Թուրքիային...

Ավարտելով նշեմ. ես չեմ պաշտանում ոչ մի քաղաքական ուժին կամ գործչին, պարզապես պետք է պաշտպանել ճշմարտությունը, իրականությունը և ամենակարևորը` Հայաստանի՝ որպես նաև եզդիների այսօրվա հայրենիքի` ազգային-պետական անվտանգությունն ու շահերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել