Հռոմի բնակչուհի Միհալեա Նորոքը պրոֆեսիոնալ լուսանկարիչ է։ Վերջերս նա մի ընդարձակ լուսանկարչական նախագիծ ձեռնարկեց, որի շրջանակներում ճանապարհորդեց աշխարհի 37 երկրներով։ Նա փորձում էր այս նախագծում ցույց տալ, թե որքան են տարբերվում կանացի գեղեցկության մասին պատկերացումներն աշխարհի տարբեր երկրներում։ Նա զբոսնում էր տարբեր երկրների փողոցներով ու պատահական լուսանկարներ նկարում։ Գեղեցիկի որոնումները 29-ամյա Միհալեային բերեցին Հիմալայներ, Հարավային Ամերիկա, Կոլումբիա, Բրազիլիա ու բազում այլ երկրներ։ Միհալեան այս ֆոտոշարքն անվանեց «Գեղեցկության ատլաս»։ Ֆոտոշարքում տեղ են գտել 20-30 տարեկան աղջիկների լուսանկարները։
Ամսագրերից մեկին տված հարցազրույցում նա ասել է.
Ես 29-ամյա աղջիկ եմ, ով վերջ տվեց իր միապաղաղ աշխատանքին ու նոր կյանք սկսեց։ Երկու տարի առաջ ես վերցրի թիկնապայուսակս ու ֆոտոխցիկս և սկսեցի ճանապարհորդել աշխարհով մեկ։ Ճանապարհորդություններիս ընթացքում ես ծախսում էին այն խնայողություններս, որ հավաքվել էին տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում։
Այս յուրօրինակ ֆոտոնախագծում կանացի դիմանկարների միջոցով արտացոլվում է աշխարհի բազմազանությունը։ Այդ բազմազանության մեջ լուսանկարիչը չէր կորում, քանի որ նա տիրապետում է 5 տարբեր լեզուների և հեշտությամբ հաղորդակցվում է մարդկանց հետ անգամ այն դեպքում, երբ չի տիրապետում օտար լեզվին։ Նա հրաշալիորեն տիրապետում է արտալեզվական միջոցներին ու մերվում նոր միջավայրին։ Այս շարունակական ֆոտոնախագիծն օգնեց Միհալեային հասկանալ, որ գեղեցկությունն ամենուր է, և այն կախված չէ կոսմետիկայից, գումարից, ռասայից կամ սոցիալական կարգավիճակից. գեղեցիկ լինելու համար պարզապես պետք է լինել այնպիսին, ինչպիսին կաս։
Գլոբալիզացիան ստիպում է մեզ նույն տեսքն ու պահվածքն ունենալ, սակայն մենք բոլորս գեղեցիկ ենք, որովհետև տարբեր ենք: