Նախ շնորհակալ կլինեմ, որ նամակիս պատասխանեք:
Երկրորդ՝ ես անկուսակցան եմ և ոչ մի կողմնորոշում կամ ատելություն չունեմ որևէ մի կուսակցության հանդեպ և ոչ էլ կողմ եմ նման բաների:
Բայց իմ՝ ձեզ դիմելու նպատակը մեկն է: Օրեր առաջ տվեցիք բոցաշունչ հարցազրույց, որն, անկեղծ ասած, ինձ համար որոշ մտահոգություններ առաջացրեց, բայց դրա մասին չէ, որ պետք է ասեմ, այլ պարզապես ուզում եմ, որ նման եռանդով, որով ներկայացնում էիք ձեր կարծիքը, մի փոքր էլ եռանդից ներդնեք ձեր գործի մեջ և մասնավորապես մեր դպրոցի վրա:
Դպրոց, որը վաղուց քանդվելու ծրագրի տակ էր, որը, չգիտես ինչու, վերակենդանացավ կիսատ պատերով և հետո ստիպողաբար դարձավ տարրականներից մինչև ավագ դասարան պահող դպրոց:
Դպրոցը մի քանի մասնաշենքից միայն կանգուն մնացած երկուսից մեկի մեջ է հավաքել մեծ թվով երեխաների, այն էլ փլատակ կարելի է համարել (առաջին շրջանավարտը տվել է մոտ հիսուն տարի առաջ):
Չունի ոչ սպորտային դահլիճ, ոչ սպորտային հրապարակ, ոչ մի զարգացման հեռանկար ունեցող տարածք կամ հնարավորություն: Անգամ բուֆետ չկա...
Շատ բան չեմ ուզում գրել, բայց առաջարկում եմ ջանքերդ նպատակին ծառայեցնել և քննության տակ առնել, թե ինչու է այդ ամենն այս օրին, ինչպես որ ներկայացրեցի: Եկեք, և միասին շրջայց անենք:
Ես՝ որպես ծնող, խոր մտահոգություն ունեմ, որ մենք Հայաստանում ունենք նման դպրոց: Իմ տղաները գնում են, շուտով կգնա նաև երրորդ տղաս:

Հ.Գ. Դպրոցը չորս տարի առաջ ուներ մոտ հիսուն աշակերտ, այսօր ունի մոտ չորս հարյուրը. Տենդենցն ամեն տարի աճում է: Հիմա մի քանի նկար, որպեսզի պատկերացնեք իմ ասածը հիմնավոր կերպով: Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց:
Շնորհակալություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել