Tert.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի գրառմանը, որ իրենք լուրջ բանակցություններ են ակնկալում Ադրբեջանի Նախագահի և մյուսների հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ, նշեց, թե իր կարծիքով համանախագահներն այս անգամ լուրջ պետք է խոսեն Ադրբեջանի հետ:

 

Դիտարկմանը, թե մինչ այս լո՞ւրջ չէին բանակցությունները, Դավիթ Բաբայանն արձագանքեց.«Միշտ էլ բանակցությունները լուրջ էին, պարզապես բնական է, որ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, հիմնական շեշտը դրվում է խաղաղության և կայունության պահպանման վրա, իսկ Ադրբեջանը ոչ միայն խոչընդոտում էր Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, այլ նաև խախտում էր հրադադարի ռեժիմը, տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը»:


Ըստ Դավիթ Բաբայանի՝ դա արդեն անհանդուրժելի էր, դրա համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջին անգամ վերջերս իրենց միասնական հայտարարության մեջ ուղղակիորեն մեղադրել են Ադրբեջանին՝ խաղաղության և կայունության պարբերաբար խախտումների համար:


Հետևաբար, նրա գնահատականով, եթե լուրջ անակնկալ կա, ապա առաջին հերթին բոլորի համար պարզ է, որ դա Ադրբեջանի քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունն է, և հենց այդ ուղղությամբ պետք է տարվեն լուրջ աշխատանքներ:


«Պետք է նաև հաշվի առնել, որ այս տարի Օլիմպիական խաղերն անցկացվելու են Ադրբեջանում, թեև մեզ համար տարօրինակ է, որ նման պետությունում պետք է այսպիսի խաղեր իրականացվեն, բայց, այնուամենայնիվ, սա էլ է լրացուցիչ պատասխանատվություն պահանջում, որպեսզի կայունությունը պահպանվի տարածաշրջանում»,-նկատեց Դավիթ Բաբայանը:


Այդուհանդերձ, խոսնակն ասում է, թե մինչև ինչ-որ եզրակացություններ անելը, նախ և առաջ պետք է սպասել, տեսնել, թե ինչ լուրջ թեմա կա. «Երկրորդ՝ այդ լուրջ բանակցությունները մասնավորապես կարող են վերաբերել նաև լիարժեք ձևաչափի վերականգնմանը, բանակցություններին Արցախի լիարժեք մասնակցությանը»:

«Իսկ եթե խոսքը գնում է ինչ-որ կետերի համաձայնեցման մասին, իհարկե, սա կարևոր է, բայց առանց Արցախի, առանց վերջնական համապարփակ կարգավորման մոտեցման, լիարժեք ձևաչափի վերականգնման, սա ուղղակի դժվար է լինել իրականացնել»,-ասաց նա:


Դավիթ Բաբայանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իր համոզմամբ՝ հիմնական շեշտը դրվելու է Ադրբեջանին կառուցողական հուն բերելու վրա. «Ուրիշ տարբերակ չկա ուղղակի»:


Ինչ վերաբերում է Ուորլիքի այն մտքին, թե բոլորը կարող են շահել, ապա սրա վերաբերյալ Դավիթ Բաբայանի մեկնաբանությունը հետևյալն է. «Եթե նույն Ադրբեջանը վերանայում է իր մոտեցումները, ֆաշիզմից և աննորմալ քայլերից հեռու է կանգնում, ապա բնական է, որ բոլորն էլ շահելու են, այդ թվում և Ադրբեջանը, որովհետև եթե նա իր մեջ ուժ գտնի,  նորմալ քայլեր կատարի, ճանաչի Արցախյան պետությունը, բնական է, որ այդ լուրջ խնդրից կձերբազատվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել