Բարգավաճ Հայաստան կուսակցության նման երևույթներն ունեն գնահատականի երկու հարթություն՝ զուտ քաղաքական և հասարակագիտական։ Առաջին հարթությունում ամեն ինչ պարզ է. իշխանության կողմից ստեղծվել էր մի կուսակցություն, որը տարիներով կուտակած անօրինական միջոցները ուղղում է այդ իշխանության վերարտադրմանը։ Այսպիսի երևույթներ միշտ եղել են, ընդ որում նաև այլ, հաճախ նույնիսկ զարգացած երկրներում։ Առավել կարևոր է, սակայն, այս երևույթի հասարակագիտական հարթությունը։ Մինչ դրա գնահատականին անցնելը՝ պետք է նշել, որ, օրինակ, գերմանական նացիստների պարագայում եղան այնպիսի փիլիսոփաներ, մասնավորապես՝ Է. Ֆրոմը, որոնք մինչև նրանց իշխանության գալը արդեն նշում և պնդում էին, որ Գերմանիայում իշխանության է գալու հենց այդպիսի ուժ։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Հայաստանում այդքան խորը հետազոտություններ, ինչպես և պետք էր սպասել, չեն կատարվում, և արդյունքում նաև ստեղծվում է ընդհանուր շփոթության մթնոլորտ՝ որևէ լուրջ հասարակական երևույթ գնահատելիս։ Հիմա առավել էականորեն։ "Բարգավաճ Հայաստանի" ֆենոմենը այն է, որ նա դիմում է համարյա ամեն հայ մարդու մեջ նստած ստրուկին, իսկ առավել գիտականորեն՝ նրա ավտորիտար բնավորությանը։ Ի՞նչ է ավտորիտար բնավորությունը։ Դա այն է, երբ միայնակ, հուսալքված, վախերի մեջ ապրող մարդը իր ազատությունը զիջում է մի ինչ–որ ուժի կենտրոնի, ընդ որում այդ ուժի կենտրոնը պետք է լինի հենց ֆիզիկական ու նյութական ուժ, և ենթարկվելով նրան սադո–մազոխիստական կապերով, իր հոգում ստեղծում է ապահովության ու կայունության զգացողություն։ Ահա հենց այս երևույթն է այսօր առկա Հայաստանում։ Այսօր իրեն միայնակ ու վտանգի մեջ զգացող բոլոր խավերը՝ գյուղացուց մինչև մտավորական ու նախկին ինժեներական միջին խավ, գիտակցաբար կամ անգիտակցաբար փնտրում են այն ուժի կենտրոնը, որին կարելի է զիջել անհատական ազատության՝ պատիժ դարձած բեռը ու ապրել հանգիստ, կուշտ ու ինքնագոհ ստրուկի կյանքով։ Բոլորը սպասում են Փոքր Մհերին, որ նա փրկի իրենց, և միանգամայն ուրախ կլինեն եթե այդ Մհերի անունը մոդիֆիկացվի, բայց նա կատարի նույն գործառույթը՝ վերցնի պատասխանատվությունը իրենց վրայից ու իր ստվերում տեղ տա նրանց։ Ահա սա է "Բարգավաճ Հայաստանի" ֆենոմենը, որը ազգային ինքնասպանության պատմական շղթայի մեջ կարևոր դեր կարող է ունենալ։
Այսպիսի սպասումներ ունեցողներին, այդ թվում՝ իրենց նախնական ստրկությունից չհեռացած մտավորականներին, պետք է հիշեցնել մի սլավոնական էպիկական սյուժե։ Այս սյուժեն մոտավորապես նույն կերպարի մասին է, ինչպես Փոքր Մհերը։ Ժողովուրդը գիտե, որ մի ծառի փչակում ապրում է իրենց հերոսը, որը ճիշտ ժամանակին դուրս է գալու ու փրկելու իրենց։ Եվ ահա գալիս է մի օր, որ ժողովուրդը հոգնում է սպասելուց և գնում է այդ այդ փչակի մոտ՝ իմանալու համար, թե երբ է դուրս գալու հերոսը։ Սակայն մոտենալով փչակին՝ նրանք տեսնում են, որ հերոսը նեխել է, նա չկա, նա ֆիկցիա էր։ Իսկ մնացածը կրկին լռություն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել