public_tvՀենց նոր հրապարակվեց, որ Հայաստանի Եվրատեսիլային նախագիծը նվիրված է Ցեղասպանությանը: Լայնամասշտաբ տեղեկատվական նախագիծ: Իհարկե, շուտով կսկսվի նվնվոցը, թե Եվրատեսիլը ճիշտ տեղը չէր դրա համար: Իրականում 190,000,000 դիտողականություն ունեցող շոուն իսկը ճիշտ տեղն է տեղեկատվության տարածման համար:

Ամեն ինչ նորմալ է, սակայն Հանրայինն անցած տարվանից ի վեր չսովորեց մի պարզ ճշմարտություն՝ զգույշ լինել: Հիշո՞ւմ եք՝ անցած տարի Եվրատեսիլի Հ1 պատասխանատու Գոհար Գասպարյանը տվեց Արամ MP3-ին ճակատագրական հարց՝ հրճվանքով սպասելով Արամի հումորային պատասխանին, իսկ հետո դա հեռարձակվեց եթերով: Մինչ այդ Արամը հանդիսանում էր հաղթանակի թիվ մեկ ֆավորիտը: Հենց հարցի ու պատասխանի պատճառով Արամին սարքին ֆաշիստ, շվցրին համերգի ժամանակ, և լավագույն երգով Արամը պարտվեց Եվրատեսիլում, իսկ Արամի մրցակիցը մի լավ P.R. եղավ զոհի կերպարում և հաղթեց: Կատարյալ դելետանտություն:

Այժմ Ցեղասպանության խորագրով նախագիծ: 5 արտիստ՝ 5 մայրցամաքից, ում նախնիները Ցեղասպանության պատճառով լքել են հայրենիքը: Եթե հաշվի առնենք գեղեցկուհի Թամար Կապրելյանի ներգրավվածությունը, պետք է ասեմ, որ շատ լավ միտք է (չնայած շատ բան կախված է լինելու նաև երգից, որը կոչվում է «Don’t Deny»): Այ ձեր ցավը տանեմ, համաձայն Եվրատեսիլի օրենքների, մասնակցության ֆորմատը և երգը կարելի է չհրապարակել մինչև մարտի 10-ը: Ի՞նչ իմաստ ուներ այսքան շուտ սկսելը: Ես գրեթե չեմ կասկածում, որ Թուրքիայի կրտսեր եղբայրները՝ սև-սպիտակ ոչխարները, ընտրելու են մի այնպիսի թեկնածու, որն իբր ևս ստիպված է եղել փախչել իր «պատմական հայրենիքից»: Ու այդտեղ սկսելու է տուրուդմբոցը՝  վնասելով Հ1-ի նախագծի հետին մտքին:

Հուսով եմ՝ հարցին չեմ վերադառնա մարտի 10-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել