Ակնհայտ է, որ այսպես կոչված ընդդիմադիր եռյակը և հատկապես ԲՀԿ-ն երիտասարդ ակտիվիստի առևանգումն ու ծեծը հմտորեն օգտագործում են ներքաղաքական կյանքը լարելու և ներքաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով: Այս տխուր հանցագործությունը, որն, ի դեպ, դատապարտել է նաև իշխող ՀՀԿ-ն, հնարավորություն տվեց ԲՀԿ-ին փոքր ու միջին բիզնեսի պահանջը վերածել քաղաքական պայքարի ու այդ պայքարն ուղղորդել երկրի իրավապահպան կառույցների դեմ: 
Ինչու՞ են ԲՀԿ-ն ու եռյակը լարում ներքաղաքական օրակարգը։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է. Գագիկ Ծառուկյանի ու նրա թիմակիցների պայքարն ուղղված է միմիայն սահմանադրական բարեփոխումների դեմ, և փաստացի, յուրաքանչյուր մեծ կամ փոքր, քաղաքական կամ ապաքաղաքական միջադեպ ծառայեցվելու է միմիայն այդ նպատակին:
Իսկ ինչու՞ են ԲՀԿ-ն ու մյուսները դեմ սահմանադրական բարեփոխումներին։ Թեև ԲՀԿ-ի քաղաքական թիվ 1 պահանջը քաղաքական մենաշնորհի վերացումն է, բայց մյուս կողմից նա ատամներով պայքարում է քաղաքական մենաշնորհը վերացնելուն միտված սահմանադրական բարեփոխումներին դեմ, քանզի իրականում նրանք ոչ թե ցանկանում են քաղաքական մենաշնորհը վերացնել, այլ ցանկանում են ապագայում իրենք ունենալ քաղաքական մենաշնորհ:
Սա ճանապարհ է, երբ եռյակը, փաստացի, օգտագործելու է հանրության ամենատարբեր դժգոհությունները՝ սեփական ամբիցիաները բավարարելու համար:
Ի դեպ, ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ունենալով բացարձակ իշխանություն, ունենալով քաղաքական մենաշնորհ ձևավորելու բոլոր հնարավորությունները, այնուամենայնիվ, ձևավորել է քաղաքական այլ ուժերի հետ համագործակցելու և նրանց երկրի համար կարևորագույն հարցերում դիրքորոշում ունենալու հնարավորությունների դաշտ:
Հ.Գ. Վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանն ու իր ԲՀԿ-ն ամեն առիթ օգտագործում են Հայաստանի իրավական ու ուժային կառույցների աշխատանքը փնովելու և վարկաբեկելու ուղղությամբ, ինչը ևս ունի իր բացատրությունը։ Որքան առավել պրոֆեսիոնալ և ապաքաղաքական են դառնում այս կառույցները, այդչափ առավել դժվար է լինում օլիգարխների ու մեծահարուստների համար իրենց զգալ օրենքից վեր կամ փորձել օրենքից դուրս, հարաբերություններ հաստատելով, լուծել սեփական և սեփական շրջապատի խնդիրները:
Փաստացի ամբողջ քաղաքական համակարգը, հասարակական տարբեր շերտերը ծառայեցվում են մի քանի անձերի բարեկեցության ու քաղաքական ամբիցիաների բավարարմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել