Հենց նոր Ապահով Հայաստանի լրատվամիջոցները հայտարարեցին, որ աշխատանքից կրճատվել են Նաիրիտ Գործարան ՓԲԸ-ի 1700 հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում: Հավանաբար Կառավարությունն ի դեմս Գագիկ Եգանյանի կշտապի շահել այլևս գործազուրկ Նաիրիտցիների սրտերը՝ հիշեցնելով հայրենի կառավարության անձնուրաց ներդրումը ՀՀ-ի ԵՏՄ անդամակցության գործում, քանի որ արտագաղթը Սիբիր էլ ավելի է դյուրացվել: Եվ իսկապես, տարեցտարի «Բանանային»–«Սպառող» տնտեսություն կառուցող երկրի ինչի՞ն են պետք քիմիկոսներն և արդյունաբերության ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետները: Մնան Հայաստանում, որ ի՞նչ անեն՝ հեղափոխությու՞ն (ինչպես կասեր մեր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը): Մենք սգում ենք Ցեղասպանության 100-ամյակը, մենք նամակներ ենք գրում Թուրքիո նախագահին, մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում. անբարոյական կլինի, եթե այդ մարդկանց մոտ նման տրամադրություններ ի հայտ գան: Ավելի լավ է նրանք գնան Սիբիր, աշխատեն որպես բանվոր, երկիր ուղարկեն դոլարային տրանսֆերտներ, թե չէ դոլարն էլի ալաբուլա ա երևում վերջին օրերին, իսկ խոպանչիների դոլարային տրանսֆերտներն առավել քան երբևէ իրենց մեջ կրում են ռազմահայրենասիրական խորհուրդ:

Իսկ եթե առանց սարկազմի, ցավով պետք է ընդգծեմ, որ Հայաստանը (մենք) այդպես էլ ի զորու չեղավ քառորդ դարի ընթացքում վերակենդանացնել մեր տապալված արդյունաբերական հսկային (և ոչ միայն նրան), որը հիրավի մեր արդյունաբերության հիմնասյունն էր: Իշխանությունները տարիներ շարունակ օգտագործեցին Նաիրիտը՝ ինչպես փողերի լվացման հիանալի օբյեկտ (չար լեզուներն ասում են, որ դրանում անուրանալի դերակատարում է ունեցել նախկին վարչապետերից մեկը): Օգտագործեցին, քամեցին մինչև վերջին կաթիլը և դեն նետեցին:

Տարիներ շարունակ իշխող համակարգի մոտ միայն մի բան ստացվեց՝ վերածել Հայաստանը Բանանային–Սպառողական տնտեսությամբ մի երկրի, որն արտահանում է ծիրան և գոյատևում է արտագաղթած հայրենակիցների տրանսֆերտների հաշվին: Այդ տրանսֆերտների հաշվին առաջին ձեռք սնվում են արտագաղթողների հարազատները, երկրորդ ձեռք՝ հետզհետե մոնոպոլիզացվող առևտրի և սպասարկման ոլորտում գործունեություն ծավալող և իշխանության հետ սերտաճած օլիգարխները, և երրորդ ձեռք սնվում է պետ. բյուջեն: Վերը նշված համակարգն արդեն սկիզբ է դրել Հայաստանի Հանրապետության դեպոպուլյացիային (հայաթափմանը), ինչի բացասական ազդեցությունը երկրի անվտանգության վրա առավել ցայտուն կերևա շատ մոտ ապագայում (մոտ 1.5 միլիոն մարդ 1990-2015թթ.-ին, ինչը համադրելի է…… լեզուս չի պտտվում ասեմ, թե ինչի թվի հետ):

Մենք հաճախ հպարտանում ենք նրանով, որ բանկոմատի, գունավոր հեռուստատեսության, ավտոմատ փոխանցման տուփի գյուտերն արել են էթնիկ հայերը: Այո, այդ գյուտերն արել են էթնիկ հայերը, սակայն դա նրանք արել են արտասահմանում և ի բարօրություն օտար պետությունների: Այնպիսի տնտեսական մոդել ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, գյուտարարներ պետք չեն: Մեզ մոտ ամեն օր սպառվում է նման գյուտարարների պահանջարկը և կրթելու հնարավորությունը/անհրաժեշտությունը: Իսկ եթե ապագայում կրկին նմանատիպ գյուտ արվի ԱՄՆ-ում, Ֆրանսիայում կամ Գերմանիայում  բնակվող/աշխատող էթնիկ հայի կողմից, հավատացեք, մենք ոչ մի հպարտանալու առիթ չենք ունենա: Քանի որ դա Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի ժողովրդի շնորհքն/խելքն է, որը ստեղծել է նմանատիպ գյուտարարի պահանջարկ և դրա համար ներգրավել է, կրթել է, ստեղծել է պայմաններ մեր գյուտարար էթնիկ հայրենակցի համար:

Հ.Գ. Իսկ մարտունակ բանակ ապահովելը երկարաժամկետ կտրվածքում շատ բարդ է լինելու՝ առանց ուժեղ տնտեսության, ապահովված, կիրթ հասարակության,  գիտնականների ներգրավածությամբ ռազմական արդյունաբերության, սոցիալական համերաշխության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել