Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշչենկոյի, Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջև բանակցությունները տևել են ավելի քան 5 ժամ: Կողմերն իրենց աջակցությունն են հայտնել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում առկա ճգնաժամի խաղաղ կարգավորմանը և հույս են հայտնել, որ Ռուսաստանը ևս հետաքրքրված է ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ։ Երեք ղեկավարները միաժամանակ քննության են առել Մինսկյան պայմանավորվածությունների իրականացման հնարավոր ճանապարհները, որոնք հանդիսանում են հիմնարար սկզբունքներ ճգնաժամի խաղաղ կարգավորման համար և մշակել են ընդհանուր առաջարկությունների փաթեթ հետագա քայլերի համար: Այս մասին հայտարարել են նախագահ Պորոշչենկոյի մամլո ծառայությունից: Միաժամանակ երեք ղեկավարները կոչ են արել անմիջապես հրադադարի ռեժիմ հաստատել, օտարերկրյա զենք-զինամթերքն ու ծանր զինտեխնիկան հեռացնել, փակել սահմանն ու ազատ արձակել բոլոր ռազմագերիներին: Կողմերը նաև քննարկել են երկխոսության զարգացումը նորմանդյան քառյակի ձևաչափով: Իր հերթին նախագահ Պորոշչենկոն կոչ է արել նախագահ Օլանդին ու դաշնային կանցլեր Մերկելին` աջակցել ուկրաինական օդաչու Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակմանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել