Միջազգային դիվանագիտություն ասվածը, որ միշտ քաղաքական քողի տակ է հանդես գալիս, ներկայացում է բոլոր առումներով: Ետնաբեմում պատսպարվող իշխանական էլիտայի ներանձնական, եսակենտրոն հետաքրքրությունների շրջանակն անառարկելիորեն շրջանցում է և´ պետական, և´ հասարակական շահերը: Բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել, այսօր, պարզապես, շահի տեսակը և չափն է փոխվել: Իմ հետաքրքրությունների շրջանակը միտում չունի նրանց ընթացքը քննել, և դրսևորման գնահատականը տալ, քանզի «Ձայն բարբառոյ յանապատի»: Կեղծ բարեպաշտության քողի տակ հանուն անձնական շահի սանձազերծվում է խարդավանք, մարդաորս համաշխարհային մակարդակով: Գործոնը մարդն է, պայքարի թիրախը` բնությունը` հողը, նրա ընդերքը` նավթը, գազը, ոսկին…

Ցեղասպանությունից մազապուրծ էրզրումցի հայրենակիցներս իմաստուն միտք կտակեցին ժառանգներին. «Իսսանի աչքը բուռըմ հողը կկշտացնե»` «Մարդու աչքը մի բուռ հողը կկշտացնի»: Սա գիտակցել է հարկավոր. այս խոսքերը մարդկության բոլոր ժամանակների համար են և վերագրվում են ռանչպարից մինչև արքայա-նախագահա-շեյխա-իշխանական էլիտաներին, քանի որ անձնական նկրտումներն ունակ են խմբագրել համաշխարհային քաղաքականությունը:

Էլեկտրոնային կայքէջի հրապարակած այս նյութում ուշադրությունս գրավեց հետևյալ հարցադրումը` «Ինչպե՞ս ստացվեց, որ արքայազն Չարլզն ընդունեց ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի արարողություններին մասնակցելու Էրդողանի հրավերը, այլ ոչ թե Հայոց ցեղասպանության 100–ամյակին ներկա գտնվելու. չէ՞ որ Սերժ Սարգսյանն անգամ անգլիական թագուհու ձեռքն է սեղմել»: Ասում են` «առանց կրակի ծուխ չի լինի»: Թուրք իշխանավորները իրենց հակահայկական քստմնելի քայլը` Հայոց ցեղասպանության ժխտումը, խարդավանքի բոլոր միջոցներով փորձում են ծառայեցնել զեղծարարության մասսայականացմանը: Անշուշտ, եվրոպացիներին շոյում է Թուրքիայի «դիվանագիտական» քծնանքը, և ոչ թե հայության կողմից բարձրաձայնվող արդարության պահանջը, որի դավում, ի թիվս այլոց, մեղքի բաժին ունեն Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ավստրո-Հունգարիան:

Մինչև Ապրիլի 24-ը տեղական և միջազգային մամուլը ակտիվ կքննարկի` ո՞վ է գնալու Ծիծեռնակաբերդ, ո՞վ Գալիպոլիի: Որպեսզի վերոնշյալ «ներկայացման»` եսակենտրոն քաղաքականության ժանրը պարզ լինի, տեղին է հիշել արքայազն Չարլզի ոչ պաշտոնական այցը Հայաստան` մութ ու խորհրդավոր գաղտնիության պայմաններում: Նշեմ, որ Սյունյաց Ամուլսարի հանքավայրի շահագործման իրավունքը պատկանում է բրիտանական «Լիդիան Ինտերնեյշընլ» ընկերությանը, որի թիկունքում կանգնած է հենց ինքը` արքայազն Չարլզը: Այո՛, Ամուլսարը` նրա ընդերքի բնական պաշարները (մասնավորապես` ոսկին), պիտի ծառայեն արքայական տոհմին և ոչ թե հայ ժողովրդին:

Պատմական հայտնի մի փաստ եմ ուզում հիշեցնել. 1890-ականներին Արևմտյան Հայաստանի Սասունի գավառի` Տալվորիկ, Գելիգուզան, Շենիկ, Սեմալ գյուղերի կոտորածներից հետո, երբ արևմտահայերի օգնության հարցն էր Եվրոպայում քննվում, 1896թ. ապրիլի 30-ին անգլիացի քաղաքական գործիչ Սոլոբերին Լորդերի պալատում հայտարարեց` «Հայ բնակչությանը պաշտպանելու համար զերծ պետք է մնալ ռազմական միջամտությունից, քանի որ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»»:

Հայոց լեռները 19-րդ դարի վերջերին «անգլիական նավերի» համար անմատչելի էին, քանի որ ռանչպար սասունցին, ապա և ողջ արևմտահայությունը, ոչինչ չուներ տալու ընչասեր եվրոպացիներին: Թուրքական յաթաղանի առաջ ողջ արևմտահայությունը մնաց մեն-մենակ` ժամանակի գերտերությունների հետաքրքրությունից դուրս` բոլոր առումներով: Այդ ինչպե՞ս է պատահեց, որ Սասունի ջարդերից մոտ 120 տարի անց անգլիական «նավերը» կարողացան բարձրանալ Սյունյաց սարերը…: Հավատս չի գալիս, որ «հայ-բրիտանական դարավոր բարեկամության» շնորհիվ համշախարհային ծովերի մակերևույթն է հազարապատիկ բարձրացրել: Իհարկե, ո´չ (կից նյութ):  Այստեղ պետության, հատկապես ժողովրդի շահերի մասին խոսելը ուղղակի անիմաստ է, քանի որ գերակա է և´ տեղական, և´ միջազգային «քաղաքական էլիտայի» անթաքույց շահը: Իր «խորհրդավոր» կարճատև այցի ընթացքում արքայազն Չարլզը գիշերով է այցելում«Մատենադարան», այն էլ` ետնամուտքից. (կից նյութ): Թե ինչո՞ւ, դատեք ինքներդ: Միայն հուշեմ` այդ օրը վաղ առավոտից «Մատենադարանի» շքամուտքից ոչ մի ուժերի ազդեցություն չկարողացավ ցրել հավաքված երիտասարդ ակտիվիստներին, ովքեր սպասում էին արքայազնին` Ամուլսարի շահագործման իրական սպառնալիքների մասին բարձրաձայնելու…

Եվ այսքանից հետո  նա` արքայազնը, ո՞ւր պիտի գնա` Ծիծեռնակաբե՞րդ, թե՞ Գալիպոլիի:

Մեծ Բրիտանիան քաղաքակիթ եվրոպացու համբավը վերագրում է իրեն, մինչդեռ խուսափում է մարդկության մեծագույն ոճիրը` Հայոց ցեղասպանությունը, որպես իրողություն ընդունել: Արդյո՞ք ձևական բերեկրթություն չէր Բրիտանիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը մասնակցելը արքայազն Չարլզի կողմից: Միանշանակ:

Ամիսներ առաջ, աշնանը, հայկական կայքէջերը գրեցին. «Ուելսի արքայազն Չարլզը Միացյալ Թագավորություններում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ»: Մեծերի համար «այս հեքիաթը» ժամեր անց հեղեղեց հայկական լրատվադաշտը: Արքայազնը պատի՜վ է արել, խելքի՜ աշեցեք: Մի՞թե այդ այցն էլ հայ միամիտների աչքերին թոզ փչելու հերթական փորձ չէր: Անտարակույս:

Հայ-բրիտանական «բարեկամության» մասին բարձրաձայնող Բրիտանիայում ՀՀ դեսպանը տեսնես պատմական ո՞ր փաստերի վրա է հիմնվելու, ինչպե՞ս է մեկնաբանելու այս տեղեկատվությունը, երբ այն դառնա իրողություն` պաշտոնական որոշում` «Արքայազն Չարլզն ընդունեց ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի արարողություններին մասնակցելու Էրդողանի հրավերը»:  

Եթե Հայոց ցեղասպանության անհերքելի ճշմարտության աչքերին նայելու համարձակություն, քաղաքական կամք չունեն գերտերությունների առաջնորդները, «քաղաքակիրթ» եվրոպացիները (այդ թվում և արքայազն Չարլզը), ապա գերադասելի է` չգան Հայաստան, իրենց ներկայությամբ չպղծեն Հայոց Սուրբ Հողը, քան թե գան և վերադառնալով շարունակեն պետականորեն ժխտման ու իրականության կոծկման իրենց ցինիկ քաղաքականությունը:

Միով բանիվ, քաղաքական քծնանք` արքայական թագաժառանգից մինչև սուլթանական դարավոր բարեկամություն, որ վեր է անգամ անձնական շահից, հանուն որի` նավերը ոչ միայն բարձրանում, այլև լողում են լեռներում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել