Օրեցօր համոզվում եմ, որ մեր հասարակության զգալի, ես կասեի զգալիագույն տոկոսը տառապում է բնածին եւ անբուժելի դեբիլությամբ : Ասածիս վառ վկայությունն է այն ամենն, ինչ անընդհատ կատարվում է մեր շուրջ… Ու հատկապես ինտերնետում… Երբ տանը քեզ համար հանգիստ նստած ես, ասենք ֆեյսբուքով խոսում ես Ավստրալիայում ապրող ընկերոջդ հետ, մեկ էլ պատահական աչքդ ընկնում է ու տեսնում ես, որ դու վաղը մասնակցելու ես, օրինակ, <<Բրուտ-ատաղծագործների ոտնահարված շահերի պաշտպանությանը նվիրված բոյկոտ-ակցիային>> (որոշել եմ մի օր մասնակցեմ, ասում են` կայֆ ա)… Դրանից վայրկյաններ անց իմանում ես, որ դու գրել ես բաց նամակ ՀՀ նախագահին Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչների կողմից… Իսկ այն, որ հրաժարվում ես մասնակցել Գերմանիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիային կամ <<Հարսնաքարի>> դիմացի երթին, հավասարվում ես ազգի դավաճանի, սեփական հայրենիքը ծախողի մակարդակին, դառնում ես բոլորի աչքի փուշը, բա ո՞նց, դու էլ ի՞նչ հայ ես, որ մեզ հետ միասին չես բոյկոտում… Մի քանի օր առաջ (էդ օրը լավ եմ հիշում, որովհետեւ ի տարբերություն բոլոր մնացած օրերի, էդ օրը մեռելոց չէր) մտա սուպերմարկետ եւ առանց քաղաքական հետին մտքերի` <<Նոյ>> առա, բացեցի ու դեռ չխմած դիմացս թռավ նախամարդու կեցվածքով մի կին` իր հինգ-վեց տարեկան երեխայով ու ասաց. <<դու ՆՈՅ ե՞ս խմում, չէ՞ որ Հարսնաքարում մարդ են սպանել>>, ու երբ ասացի, որ հա, ես Նոյ եմ խմում, այնպիսի հայացքով նայեց, ոնց որ էդ դեֆորմացված լակոտի հերը ես էի ու ալիմենտները ծնված օրից չէի տվել… Փաստորեն, իրենք առավոտից գիշեր խոսում են մարդու իրավունքներից ու ազատություններից, բայց սահմանափակում են ու բռնանում ուրիշների ազատության ու իրավունքների վրա, չէ՞ որ <<Նոյ>> խմելը, <<Հարսնաքարի>> մոտ չգնալը, <<Բջնին>> չբոյկոտելը իմ սահմանադրական իրավունքն է… Ես չեմ ասում` մի բոյկոտեք, բոյկոտեք ինչ ուզում եք ու ինչքան ուզում եք, բայց մի ստիպեք, որ ես էլ ձեզ հետ բոյկոտեմ… Էն, որ <<Բջնին>> ու <<Նոյն>> են բոյկոտում, դեռ մի կերպ կարելի է հասկանալ, բայց որ սրճարաններն են բոյկոտում, որտեղ <<Նոյ>> են ծախում, ուշադրություն, այն սրճարանները, որոնք բացարձակապես կապ չունեն այդ ջրերն արտադրողի հետ, դա արդեն խոսում է մարդու կատաստրոֆիկ տհասության մասին… Բոյկոտելու բան լինի… <<Ես բոյկոտում եմ Պողոսին, որովհետեւ նա չի բոյկոտում <<Նոյը>>…

Հիմա ուզում եմ հասկանալ, թե որն է ավելի վատ… Բոյկոտել <<Նո՞յը>>, թե՞ շաբաթը վեցուկես անգամ մեռելոց հայտարարել… Հավաստի աղբյուրներից պարզել եմ (շատ էշ բան ա էդ հավաստի աղբյուրը), որ կառավարությունն ընդառաջ է գնացել բազմաթիվ քաղաքացիների աղերսներին, եւ առաջիկա մեկուկես ժամվա ընթացքում մեռելոց չի լինելու… Հետո էլ ասում եք` կառավարությունը վատ է աշխատում…

Էդգար Կոստանդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել